Լավրով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընկալումը պետք է տեղափոխել ձևակերպումների մակարդակ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գոյություն ունեցող ընկալումը պետք է տեղափոխել ձևակերպումերի մակարդակ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանն հաջորդած մամուլի ասուլիսի շրջանակներում: Հաղորդում է «Վզգլյադ»-ը:
«Այն, որ հակամարտությունը արդեն երկար է ձգձգվել, ոչ ոք չի հերքում: Կա պայմանավորվածությունների հասնելու իրական հիմք, այս առումով ևս բոլորը համաձայն են: Այժմ պետք է այդ ընկալումը իր արտացոլումը գտնի ձևակերպումների տեսքով»,- նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ կիսում է Լավրովի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հնչեցված լավատեսական մոտեցումները:
«Կա թեմա, կա խնդիր, այն պետք է լուծել: Այն արդեն իսկ հասունացել է»,- նշել է Մամեդյարովը: