Ես չունեմ «լյուբիմչիկներ» բուհերի մեջ. Աշոտյանը՝ Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացման մասին
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացումը Հայաստանում քաղաքական նախագիծ է, քանի որ այն հնարավորություն է տալու ամրապնդելու հայ-ռուսական հումանիտար կապերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացմանն՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Չնայած դրան, ըստ նախարարի, բուհի մասնաճյուղի բացումը Հայաստանում իրենց համար նախևառաջ կրթական որոշում է: Նրա խոսքերով՝ Լոմոնոսվի անվան համալսարանը տարբեր վարկանիշներով համարվում է աշխարհի լավագույն բուհերից մեկը և որպես ԿԳ նախարար ուրախ է, որ աշխարհի լավագույն բուհերից մեկի մասնաճյուղն այսուհետև գործելու է Հայաստանում, ինչը կստեղծի լրացուցիչ մրցակցություն տեղական բուհերի հետ, կխթանի տեղական ծրագրերի արդիականացումը, կստեղծի նոր աշխատատեղեր:
Նախարարը նաև նշեց, որ Սլավոնական համալսարանն այս տարի ստացել է թույլտվություն՝ դասավանդել նաև հայերենով: Նա նաև հիշեցրեց, որ իր նախաձեռնությամբ է Ամերիկյան համալսարանում ներդրվել բակալավրիատի ծրագիրը:
«Այդ ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում որ արևմտամետ գործ եմ բռնել, հիմա Հայաստանում ռուսական լավագույն բուհի նախագիծն ենք իրականացնում Հայաստանում, կարծում եք, որ դա հակակրթական և քաղաքական է»,- ասաց Ա.Աշոտյանը:
Հարցին, թե չեն վախենում, որ հայկական պետական բուհերից մեծ արտահոսք կլինի դեպի Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղ, ԿԳ նախարարն անկեղծ պատասխանեց. «Պետք է դառը ճշմարտություն ասեմ բոլորի համար՝ ես մրցակցության և ընդհանուր որակի պատասխանատուն եմ, ես չունեմ ֆավորիտներ: Ոչ մի բուհ չի կարող ասել, որ նախարարի ֆավորիտն է: Ես չունեմ «լյուբիմչիկներ» բուհերի մեջ, մենք հավասարաչափ շահագրգիռ ենք, որպեսզի բոլորը՝ ագրարային համալսարանից մինչև բժշկական համալսարան, առաջընթաց ունենան: Այո, ստեղծվելու է լրացուցիչ մրցակցություն, ավելի դժվար է լինելու աշխատելը»:
Ա.Աշոտյանն ասաց, որ երբ բացվեց Ամերիկյան համալսարանի բակալավրիատի ծրագիրը, այն մեծ հարված հասցրեց ԵՊՀ-ին: Նա նաև նշեց, թե ավելի լա՞վ չէ` ուսանողը մնա Հայաստանում և այստեղ միջազգային որակի կրթություն ստանա, քան` մեկնի Մոսկվա:
Ըստ նրա՝ մրցակցությունից բոլորն էլ շահելու են:
«Եթե բուհը մրցունակ չէ և չի կարող գրավել դիմորդին, ունի «նեդաբորի» խնդիր մեկ, երկու կամ երեք տարի, ապա ինչ-որ բան այն չէ տվյալ բուհում: Այսօր երիտասարդները լավ կրթության ծարավ են, հայ ծնողները ամեն ինչի պատրաստ են, որպեսզի իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան: Եթե պետպատվերի շրջանակներում որոշ բաժիններում թափուր տեղեր են մնում, ուրեմն խնդիրը բուհի ներսում է: Բուհի գոյությունը ինքնանպատակ չէ»,- ընդգծեց ԿԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա