Դավիթ Սանասարյան. Ադրբեջանական պրոպագանդայի ուշադրության կենտրոնում կրկին իմ ֆեյսբուքյան էջն է
Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանի քննադատական հայտարարությունները՝ հղում անելով նրա ֆեյսբուքյան էջին: Սակայն, ինչպես պարզվում է, Սանասարյանը հակահայկական կարգախոսներ պարունակող կոչերի հետ որևէ կապ չունի: Կեղծ հաշիվը բացվել է պաշտոնական տվյալներով 15 մարդու կյանք խլած Բաքվի բնակելի շենքի ողբերգական հրդեհի շուրջ պրովակացիա անելու նպատակով:
Մեկնաբանելով տեղի ունեցածը Panorama.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանն ասաց, որ տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչությունն օգտագործում է կեղծարարություններ և հայատյացություն է սերմանում իր հասարակության մեջ:
«Իմ անունով բացված կեղծ հաշիվն էլ բացառություն չէ: Դրա մասին ես իմացել եմ ընկերներից, ովքեր ակտիվորեն կայքի ադմինիստրացիային բողոք-նամակներ են ուղարկել, ինչի արդյունքում կեղծ հաշիվն արագորեն փակվել է: Սակայն իմ անունիօց գրված քննադատական մեծ հոդվածն արդեն հասցրել է հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում: Դա թույլ է տալիս ենթադրել, որ միջադեպին նրանք մասնակցություն են ունեցել»,-հայտարարեց Սանասարյանը:
Քաղաքական գործիչն ասաց, որ ինքը հաճախ է քննադատում իշխանություններին, սակայն այդ նպատակով օգտագործում է Facebook-ում իր պաշտոնական էջը, իր դիրքորոշումները հայտնելու համար կեղծ հաշվի անհրաժեշտություն չկար:
«Իշխանություններին ուղղված իմ քննադատություններն ազատ կերպով կարելի է գտնել ինտերնետում: Ավելին, իշխանությունների հետ խնդիր առաջանալու դեպքում ես չեմ ընտրելու ադրբեջանական պրոպագանդան որպես գործընկեր, այդ հարցում նա ինձ օգնական չէ»,-նշեց Սանասարյանը:
Նա նշել է, որ իսկապես ցավում է ողբերգական հրդեհի համար. «Եթե հրդեհը տեղի ունենար առաջապահ զորամասերում, որտեղից կրակում են մեր զինվորների վրա, կամ էլ Ալիևի ադմինիստրացիայում, ապա ես զերծ կմնայի ցավակցություններից, բայց այն ինչ կատարվել է հասարակ քաղաքացիների հետ ողբերգություն է, չէ՞ որ զոհերի թվում նաև երեխաներ կան: Անկախ ամեն ինչից պետք է մարդկային լինել»:
Նա ասաց, որ այս պահին ադրբեջանական պրոպագանդայի ուշադրության կենտրոնում կրկին իր ֆեյսբուքյան էջն է, որտեղ Խոջալուի դեպքերի վերաբերյալ կեղծ նյութեր են սպամ անում. «Ես կոչ եմ անում նրանց հարգել զոհված մարդկանց հիշատակը և հարցերը լուծել իրենց կառավարող հանցավոր ռեժիմի հետ: Ես վստահորեն կարող եմ ասել, որ հայերի մեծ մասը ևս ցավում են Բաքվում տեղի ունեցած ողբերգական հրդեհի համար»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական պրոպագանդան փորձում է հայ հայտնի մարդկանց կեղծ հաշիվների միջոցով ապատեղեկատվություն տարածել: 2014-ի օգոստոսին, երբ առաջնագծում բախումներ էին, հայտնի հայերի անունով Twitter-ում կեղծ հաշիվներ էին բացվել, որոնք հայտարարում էին հայկական կողմի տասնյակ զոհերի մասին, սակայն այդ ինֆորմացիան արագորեն հերքվեց:
Բացի այդ, ադրբեջանական պրոպագանդան օգտագործեց ողբերգական հրդեհի դեպքը, որպեսզի ևս մեկ անգամ հակահայ տրամադրություններ տարածի իր հասարակության մեջ:
Այսպիսով, բազմիցս մերկացված ադրբեջանական«Armenianreport.com» կայքը, որը ներկայացվում է որպես հայկական, տեղադրել էր ««Շնորհակալություն ձեզ, եղբայրներ, «Սադվալ»» վերնագրով նյութ: Հրապարակման մեջ պնդում են, որ Բաքվում տեղի ունեցած ողբերգությունը կազմակերպված է «Սադվալ» խմբավորման կողմից: «Դուք մեր փոխարեն արեցիք մեր աշխատանքը»,- ընդգծվում է հոդվածում:
Այսկերպ, ադրբեջանական պրոպագանդան փորձել է սադրանք կազմակերպել՝ սովորական կենցաղային հրդեհը, որը տեղի էր ունեցել կառավարության անփութության և կոռումպացված լինելու պատճառով, կապել արմատական կազմակերպության հետ՝ այնտեղ հերթական անգամ գտնելով «հայկական հետք»: