Սասունիկի երեխաներն արդեն մանկապարտեզ գնալու հնարավորություն ունեն
Արագածոտնի մարզի մոտ 4 հազար բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998-ից ի վեր մանկապարտեզի շենք չուներ: Ոչ բոլոր ծնողները հնարավորություն ունեին երեխաներին մանկապարտեզ տանելու ցանկությունն ի կատար ածել: Քչերն էին կարողանում նախադպրոցական հասակի երեխաներին ամեն օր գյուղի հարևանությամբ գտնվող Աշտարակ քաղաքի մանկապարտեզներ տանել ու բերել:
«Ես հեռուստատեսությամբ շատ էի տեսնում գեղեցիկ մանկապարտեզներ, որտեղ երեխաները կարողանում էին միասին խաղալ: Ես մանկապարտեզ չեմ գնացել, բայց շատ ուրախ եմ, որ իմ փոքրիկ եղբայրն այսօրվանից կարող է հաճախել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նույն գյուղի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթը:
Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի և համայնքի միջոցներով գյուղը նորակառույց մանակապարտեզ ունի:
«Այստեղ կառուցելով մանկապարտեզ հեշտացնում ենք ծնողների գործը: Գյուղին շատ էր պետք մնակապարտեզը, և որոշեցինք մեր ներդրումն ունենալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ Արմինե Կարապետին:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողներին հայտնեց՝ մանկապարտեզը կառուցվել է համաֆինանսավորմամբ:
«Սա շատ կարևոր նախադրյալ է ծրագրերի քանակի ավելացման համար: Լեռնային Ղարաբաղում մեր բոլոր ծրագրերը համաֆինանսավորմամբ են իրականացվում, Հայաստանում՝ դեռևս ոչ բոլորը: Սա շատ լավ օրինակ է այլ համայնքների համար, ովքեր կարող են՝ ծրագիր ներկայացնել, իրենց ֆինանսական հնարավորությունները նշել, պակասող մասը կտրամադրի հիմնադրամը»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ 10 տարի անց այս մանկապարտեզն արդեն փոքր կլինի համայնքի համար:
Նոր շենքի կառուցման ծրագրի արժեքը կազմել է 140.8 մլն դրամ, 40 մլն դրամը տրամադրվել է համայնքի կողմից:
Երկհարկանի շենքը նախատեսված է 110 սաների համար՝ համայնքի պահանջարկը լիովին բավարարելու համար: Ունի մարմնամարզության, համակարգչային ուսուցման ու խաղերի դահլիճներ: Ծրագրի շրջանակում բարեկարգվել է նաև շրջակա տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները