Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
4000 բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմն ի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին: Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ մանկապարտեզի նոր երկհարկանի շենքը պատրաստվում է ընդունել նախադպրոցական հասակի 110 սաների՝ համայնքի պահանջարկը լիովին բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է նաև շրջակա տարածքը:
Մանկապարտեզի բացման կապակցությամբ Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին հանձնել է Սասունիկի պատվավոր քաղաքացու կոչման վկայագիր:
Հանրապետության Նախագահն այցելել է նաև Թալինի՝ հիմնանորոգված և կահավորված մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին:
Գեղարվեստի դպրոցի շենքը, որը կառուցվել է 1970-1972թթ. և սկզբում գործել է որպես մանկապարտեզ, 1984թ. վերանորոգվել է և տրամադրվել գեղարվեստի դպրոցին: Մինչև ծրագրի իրականացումը շենքը չի ջեռուցվել, իսկ մասնաշենքերից մեկը չի գործել: 2013թ. փետրվարի 9-ին, ՀՀ Նախագահի Թալին կատարած այցի ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների արդյունքում, գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել և հիմնանորոգվել է: Դպրոցին հատկացվել է նաև անհրաժեշտ գույք:
Դպրոցի բակում Հանրապետության Նախագահը մասնակցել է հաստատության սաների և քարագործության ուսուցչի ուժերով պատրաստված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը:
Արագածոտնից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը: Շրջայցի սկզբում Հանրապետության Նախագահը դիտել է «Թումո» կենտրոնների գործունեության վերաբերյալ շնորհանդեսը, շրջայց է կատարել կենտրոնում, հանդիպել նաև «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնի տեսահոլովակների մասնակից գյումրեցի երեխաների հետ:
Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:
Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաև Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի): Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ-ի սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը և բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջև («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):
Գյումրիում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող և արտադրող «Դ-Լինկ ինթերնեշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը:
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Գյումրիում այցելել է նաև «Անուշարան» ընկերություն, որտեղ ծանոթացել է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության գործունեությանը, իրականացված ներդրումների արդյունքում ընդլայնված արտադրատեսականուն և զարգացման ծրագրերին:
Նախագահին ներկայացվել են ֆաբրիկայի արտադրության հիմնական ճյուղերը՝ շաքարային հրուշակեղենը (23 անվանատեսակ) և ալրային հրուշակեղենը (65 անվանատեսակ): Նշվել է, որ ընկերության արտադրանքն առաջին անգամ թողարկվել է 2014թ. 3-րդ եռամսյակում և իրացվում է ներքին շուկայում: 2015-2016թթ. ընթացքում ընկերության զարգացման ծրագրերով նախատեսվում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ կազմակերպելով մանկական սննդի արտադրություն, ավելացնելով արտադրանքի տեսականին և ծավալները: Պատասխանատուների հավաստմամբ, արտադրանքի արտահանման նպատակով, ընկերությունը բանակցություններ է վարում ռուսաստանյան մի շարք կազմակերպությունների հետ, և արդեն կնքվել է պայմանագիր ս.թ. սեպտեմբերին ՌԴ շուկա շաքարային արտադրանք արտահանելու համար: Գյումրու «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայում ներկայումս աշխատում է շուրջ 100 մարդ՝ 80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Նախորդող հրապարակումներ՝
Սասունիկի երեխաներն արդեն մանկապարտեզ գնալու հնարավորություն ունեն
Ենգիբարյանը՝ Գյումրու մասին. Ոչ թե տեխնոպարկ, այլ տեխնոլոգիական կենտրոն
Թալինի Գեղարվեստի հիմնանորոգված դպրոցը պատրաստ է նոր սաներ ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա