Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը. ԱԺ փոխնախագահ
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 24-ին Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառման փակման արարողությանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառմանն ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով` մասնավորապես նշելով. «Կցանկանայինք մեր առանձնահատուկ գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մայիսի 19-24-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, որն աննախադեպ դրական քայլ է հայ-ճապոնական մշակութային կապերի զարգացման գործում:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ մենք՝ հայերս, որպես հազարամյա մշակութային ժառանգության կրողներ, անգամ 21-րդ դարում ականատես ենք լինում բարբարոսների կողմից հայկական հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացմանը, որն անվանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն, պարզապես հնարավոր չէ: Սրա վառ ապացույցն են նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումը, ինչը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը, ինչպես նաև ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հայկական հուշարձանների ոչնչացումը և ամիսներ առաջ ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը՝ նման վայրագություններն ապագայում իսպառ բացառելու համար»: