«Կենացային պոռթկումներից» առարկայական փոփոխություններ
Կառավարությունն իր նախորդ նիստում հավանության արժանացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Ըստ այդմ՝ «Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում` զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում»:
Օրենքի այս փոփոխությունը չափազանց կարևոր է նվազագույնը երկու պատճառով: Առաջին, զինծառայողը, ով մարտական հերթապահություն կրելիս կստանա այնպիսի վիրավորում, որի բուժման կազմակերպումը (կամ ամբողջական բուժումը) Հայաստանում հնարավոր չի լինի, ապա կառավարությունը երաշխավորում է արտերկրում որակյալ բուժման կազմակերպումը:
Ամիսներ առաջ համացանցում ակտիվ քննարկում էր «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժը առողջական լուրջ խնդիրներ ունեցող նախկին զինծառայողի մասին, ում բուժման նպատակով ՊՆ-ն մոտ 57 հազար դոլար գումար էր հատկացրել, սակայն անհրաժեշտություն էր առաջացել երկրորդ անգամ արտերկրում բուժման կուրս ացնելու համար, ինչը ՊՆ-ի բյուջեով ամրագրված չէր, իսկ օրենսդրական դաշտը նմանատիպ դեպքերը չէր կարգավորում:
Ճիշտ է, դրամահավաք կազմակերպած քաղաքացիներին նույնիսկ կառավարության անդամները միացան ու բուժման ամբողջական գումարը հավաքվեց, սակայն դա միայն իրավիճակային լուծում էր. խնդիրը հրատապ էր ու օպերատիվ օրենսդրական լուծում էր պահանջում:
Օրենսդրական փոփոխությունը նաև այլ՝ ոչ պակաս կարևորություն էր ենթադրում նաև հետևյալ տեսանկյունից. սրանով պետությունը վերաարժեվորում է սահմանին կանգնած զինծառայողին և նրա կյանքը՝ հաստատում իր կամքն առ այն, որ ոչ մի դժվարություն չի կարող խոչընդոտ լինել պետության անվտանգությունը ապահովելու ֆունկցիա կատարող մարդու կյանքն ու առողջությունը ապահովելու հարցում:
Եվ երբ ասում ենք զինծառայողը երկրի համար գերագույն արժեք է, ապա դա միայն հայտարարություններով կամ կենացներով չի սահմանափակվում:
Վերջապես ցանկացած զինվոր պետք է իմանա, որ նա պետությանը համար կարևոր է ոչ միայն զինծառայություն կրելու, առաջնագծում մարտական հերթապահություն կրելու, այլ քաղաքացիական կյանք որպես լիարժեք քաղաքացի վերադառնալու տեսանկյունից:
Տիգրան Աբրահամյան, փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները