Թալինի Գեղարվեստի հիմնանորոգված դպրոցը պատրաստ է նոր սաներ ընդունել
Թալինի մանկական գեղարվեստի դպրոցը այս պահին 74 աշակերտ ունի: Տնօրենը հույս ունի, որ սեպտեմբերին նրանց թիվը կկրկնապատկվի:
«Ով չի ցանկանա նման գեղեցիկ շենքում գեղագիտական դաստիարակություն ստանալ: Երեխաները միշտ էլ հաճույքով են գալիս այս դպրոց, իսկ հիմա համոզված եմ՝ ավելի մեծ հաճույքով կգան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Թալինի բնակչուհիներից Լիանան, ով այսօր այլ հյուրերի հետ մասնակցում էր հարազատ քաղաքի՝ հիմնանորոգված դպրոցի բացման արարողությանը:
Լրագրողների հետ զրույցում Գեղարվեստի դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանն ասաց, որ 35 տարվա պատմություն ունեցող դպրոցը ֆիզիկապես քայքայման եզրին էր կանգնած. «Խնդրանքով դիմեցինք հանրապետության նախագահին, արդյունքը տեսնում եք ինքներդ: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է, ամբողջովին կահավորվել»:
Ա. Միքայելյանը նշեց, որ շարունակելու են կատարել այն նույն առաքելությունը, ինչ անում են արդեն 35 տարի՝ երեխաների գեղարվեստական կրթություն, գեղագիտական դաստիարակություն, ճաշակի ձևավորում:
Ա. Միքայելյանի խոսքով, դպրոցի 74 աշակերտից 12-ը մոտակա գյուղերից են գալիս. «Վստահ եմ, որ նոր ուսումնական տարում դպրոցում սովորող երեխաների թիվը կրկնապատկվի»:
Գեղագիտություն սովորող երեխաներն արդեն գործնական հաջողություններ ունեն: Քարագործության ուսուցչի հետ խաչքար են պատրաստել ու տեղադրել դպրոցի բակում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Երեխաները ինձ շատ լավ օգնեցին՝ և ֆիզիկապես, և հոգեպես: Խաչքարը պատրաստել ենք 3 ամսում»:
2013-ի փետրվարի 9-ին՝ նախագահի Թալին կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների արդյունքում գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել ու հիմնանորոգվել է: Ծրագրի արժեքը կազմել է 104.4 մլն դրամ, որից 11 մլն դրամը հատկացրել է համայնքը:
Հիմնանորոգման ընթացքում կատարվել են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ, դպրոցին հատկացվել է նաև 6.4 մլն դրամ արժողությամբ գույք: Դպրոցն ունի 11 դասարան՝ նախկին 6-ի փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան