Գյումրիում բացվեց «Թումո» կենտրոն. «Ուրախ ենք, որ այստեղ ենք»
Տաս տարեկան Մարգոն մեծ ցանկություն ունի ստեղծել կայքեր: Թեռ դեռ չի որոշել, թե ինչ բովանդակության, կոնկրետ ինչ լսարանի համար են դրանք լինելու, բայց արդեն ուսումնասիրում է կայքերի պատրաստման ձևերը: Նա համոզված է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրեն կօգնի ավելի շուտ մասնագիտանալ և առաջիկա տարիներին հաստատ կունենա իր նախագծած կայքը:
Մարգոն և ևս 600 12-18 տարեկան պատանի կդառնան Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն առաջին սաները: Այսօրվանից Գյումրիում գործում է «Թումո» կենտրոնը: Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողության մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում Թումո կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ասաց. «Ուրախ ենք, որ Գյումրիում ենք: Անհամբեր սպասում էինք մեր կենտրոնի բացմանը: Արդեն գրանցումը սկսվել է, սեպտեմբերի 7-ից կսկսվեն դասընթացները»:
Նա նշեց, որ սկսում են 600 աշակերտից, միաժամանակ հույս հայտնեց, որ կշատացնեն մինչև 1000, իսկ հետո էլի կավելացնեն սաների քանակը:
«Այստեղի հնարավորությունների 80-90 տոկոսով նույնն է, ինչ Երևանում գտնվող կենտրոնի: Միայն թե այնտեղ ունենք 6000 աշակերտ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ նույն դասընթացներն այստեղ էլ իրականացնենք»,- ասաց Մարի Լու Փափազյանը:
8-րդ դասարանի աշակերտուհի Ելենան շատ էր ցանկանում այցելել «Թումո»:
«Սակայն Երևանում գտնվելու պատճառով, իհարկե, ես չէի կարող Գյումրիից հասնել այնտեղ: Հիմա այդ հնարավորությունը ես ունեմ: Անպայման գրանցվելու եմ: Այս կենտրոնը հնարավորություն կտա արդեն ունեցած գիտելիքներիս պաշարն ավելի մեծացնել: Բոլոր բնագավառները հետաքրքիր են, բայց հիմնականում ուզում եմ մասնագիտանալ ֆիլմերի պատրաստման, կայքերի ստեղծման ոլորտներում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ելենան:
Կարենն էլ ցանկանում է դպրոցն ավարտելուց հետո ծրագրավորող դառնալ: Նա նույնպես համոզված է, որ այցելելով «Թումո» կենտրոն, ավելի շուտ կկարողանա մասնագիտանալ այն ամենում, ինչ ցանկանում է իմանալ ապագայում լավ ծրագրավորող դառնալու համար:
Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:
Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաև Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի): Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ-ի սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը և բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջև («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):
Նախորդող հրապարակում՝
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա