Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում կա հիմնական մոդել, և դա խորհրդարանական մոդելն է. Դավիթ Հարությունյան
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում երկրի անվտանգության երաշխավորի հարցը դեռ քննարկման փուլում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:
Միևնույն ժամանակ, մասնագիտական հանձնաժողովի անդամը բացառեց, որ նոր Սահմանադրությամբ երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները կստանձնի Ազգային ժողովի նախագահը:
Հարցին, թե հնարավո՞ր է այդ դեպքում երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները ստանձնի վարչապետը, Հարությունյանը պատասխանեց, որ վարչապետը կարող է ստանձնել, բայց հնարավոր է լինեն այլ տարբերակներ:
Հարությունյանի խոսքով, մասնագիտական հանձնաժողովը դեռևս շարունակում է աշխատել կառավարման խորհրդարանական մոդելի վրա:
«Մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է: Սակայն ամենակարևոր հարցն այն է, թե կհաջողվի՞ արդյոք պատշաճ հակակշիռները, զսպումները ապահովել, մյուս կողմից որոշումների կայացման հրատապությունը, օպերատիվությունը և ինչ լիգիտիմացիայի աստիճան պետք է ունենա այն անձը կամ այն մարմինը, որը այդ որոշումներն է կայացնում», -հավելեց Հարությունյանը:
Հանձնաժողովի անդամը նկատեց, որ ինքը վստահ է, թե ոչ բոլոր քաղաքական ուժերը կպաշտպանեն խորհրդարանական կառավարման մոդելը:
«Բազմակարծությունը հասարակությունում հենց դրա համար է, որ ոչ բոլորը պաշտպանեն, իսկ այն, որ հիմա բոլորի հետ փորձում ենք աշխատել, դա էլ է փաստ»,- հավելեց Հարությունյանը:
Նա դժվարացավ ասել, թե երբ Սահմանադրական հանրաքվե կլինի երկրում. «Չէի ցանկանա նախապես ինչ-որ բան ասել, աշխատանքը ցույց կտա, Եզոպոսի պատմությունն է` կքայլենք` կերևա»:
Հարակից հրապարակում`
Գործող ՍԴ պարագայում իշխանության վերարտադրվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան փոփոխվելու դեպքում. Գ. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան