Սպառողը չպիտի վճարի գողության համար. Դավիթ Հարությունյան
Գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպիտի վճարի, դրա համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին, իսկ սպառողը պետք է վճարի միմիայն իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, Հարությունյանի խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությունների շրջանակում է և նրանք էլ պատասխան կտան հարցին, թե սպառո՞ղն է վճարելու ՀԷՑ-ի պատքերը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, քրեական գործ չի հարուցվում, ինչին Հարությունյանը պատասխանեց, որ պետք է լինի համապատասխան հաղորդում հանցագործության մասին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խոսքով, ամեն կազմակերպություն ունի առևտրային կորուստներ, որոնք ի սկզբանե են հաշվարկվում:
«Եթե խոսքը վերաբում է մեծ կորուստներին, դա մենք պայմանական անվանում ենք գողություն, որը սեփականատիրոջ գրպանից է կատարվում, այնպես որ թող սեփականատերն առաջին հերթին մտածի»,-հայտարարեց Հարությունյանը` ընդգծելով, որ դա չի կարող արվել սպառողի հաշվին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հստակեցրեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ երբեք կորուստները չեն արտահայտվել. «Հանձնաժողովը միշտ ասել է՝ սեփականատեր, սա թող նվազի քո շահույթներից: Երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է սակագինը, հաշվարկում է այն կորուստները, որոնք համարում է թույլատրելի և դրանից նույնիսկ մեկ լումա ավելին համարում է, որ սեփականտիրոջ գումարից պետք է գանձվի»:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է կորուստներ ունեցող ու պարտքերի մեջ կորած ՀԷՑ-ի տնօրենը «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա վարի, Հարությունյանը պատասխանեց, որ դա սպառողի հաշվին չի արվում. «Պետք է որևէ մեքենա քշի, թե՞ ոչ, դա կոչվում է ընկերության ծախսեր, արդյոք որևէ ստորաբաժանման ղեկավար պե՞տք է քշի «Լեքսուս», եթե ուզում է քշել, թող քշի, բայց միայն ընկերության շահույթի հաշվին, իսկ հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ գնեցիք «Լեքսուս», բայց ես կհաշվեմ այն նույն ստանդարտը, որը ընդունված է պետական կառավարման մարմինների համար, և եթե ձեր լեքսուսը 100.000 է, ես կհաշվարկեմ մեքենայի ստանդարտ սակագնով, օրինակ՝ 12.000, եթե համադրենք ծախսերն ու սակագների հաստատումը, կտեսնենք իրական տարբերությունը»:
Նշենք, որ նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 58, իսկ գիշերայինը՝ 32-ից 58 դրամ: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»: