Գեղաշենում պտտահողմը օդ է բարձրացրել մարդկանցով լի մեքենան
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում երեկ պտտահողմը օդ է բարձրացրել «Վիլիս» մակնիշի մեքնենա, որի մեջ եղել է երեք մարդ, այս ու այն կողմ շպրտել դաշտում արածող ոչխարներին, ծառեր շրջել:
«Տուժել է չորս մարդ՝ երեք տղամարդ, մի կին: Այս պահին 1971 թ. ծնված Աշոտ Այդինյանը վիրահատվում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ողնուղեղի հետ կապված վիրահատություն է ընթանում»,-Panorama.am-ին ասաց Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանը:
Տուժածներից երեքը գյուղի բնակիչներն են, կինը՝ այլ գյուղից է, Գեղաշենի ընտանիքներից մեկի կովերն է կթում:
«Տղամարդիկ «Վիլիս» մեքենայով իջել են սունկ հավաքելու: Տեսել են օդի մեջ էդ փոշին, վազել են նստել մեքենայի մեջ, որ ապահով լինի: Քամին մեքենան օդ է բարձրացրել, մի 50 մետր էն կողմ շպրտել, մարդիկ էդ մեքենայի մեջ են եղել: Մեկի կոնքի մասն է կոտրվել, Աբովյան հիվանդանոցում է, վարորդի գլխի մասում է կոտրվածք, վիրակապել են, նույն օրը տուն բերել, կինն էլ՝ գլխի մասում թեթև վնասվածքներ ունի, վիրակապել են, տանն է, առողջական վիճակը բավարար է: Կինն էլ մի շինության մոտ է եղել, որը քամուց փուլ է եկել»,-պատմեց գյուղապետը:
Մի քանի րոպե տևած քամու պատճառած վնասները գյուղացիները մինչև հիմա հաշվում են: 52-ամյա գյուղապետն ասում է, իրենց գյուղում նման փոթորիկ երբեք չի եղել. «Ոչ թե ես, այլ իմ պապերն էլ նման բան չեն հիշում, նման բան չի եղել, ոչ մեկը չի լսել»:
Քամին օդ է բարձրացրել, հետո այս ու այն կողմ շպրտել դաշտում արածող ոչխարներին, 2-3 կենդանի սատկել է: Ուժեղ քամին հաստաբուն ծառեր է արմատախիլ արել. «Տանիքներն էլ է տարել, մի վագոնչիկ կար, տեղն էլ հիմա չի երևում»:
Գյուղապետը մտադիր է տուժած գյուղացիներին դրամական որոշակի աջակցություն ցուցաբերել, սակայն չգիտի, թե կառավարությունից, մարզպետարանից ուրիշ օգնություն կլինի՞, թե՞ ոչ: