Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ամենաներկայացուցչական գիտաժողովը` Երևանում
Այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում դեռ չորս ցուցահանդես էլ բացվելու է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա հայտնեց, որ օգոստոսի 1-ին թանգարանում Համահայկական խաղերի կապակցությամբ բացվելու է «Հայկական սպորտն ու մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցահանդես:
Հ. Դեմոյանի խոսքով, տարիներ առաջ կազմակերպվել է այս թեմայով ցուցահանդես, սակայն այս ընթացքում այս թեմային վերաբերող բնօրինակ նյութերը եռապատկվել են, այդ իսկ պատճառով կազմակերպում են նոր ցուցահանդես, կվերահրատարակվի նաև համանուն վերնագրով գիրքը:
Թանգարանի տնօրենը նաև նշեց, որ հուլիսի սկզբին Երևանը վերածվելու է ցեղասպանագետների կենտրոնի. հուլիսի 8-12-ը Երևանում կայանալու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»:
Հ. Դեմոյանի խոսքով, ակնկալում են, որ գիտաժողովին կմասնակցի 250-300 ցեղասպանագետ. «Վերջին տարիների ամենաներկայացուցչական համաժողովն է լինելու»:
1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի, Հելեն Ֆայնի, Ռոբերտ Մելսոնի և Ռոջեր Սմիթի կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում: