Ամիր Աբդոլլահիան. Իրանը շուտով Ռուսաստանից կստանա S-300 ՀՀՊ համակարգերը
«Իրանը շուտով Ռուսաստանից կստանա S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Հոսեյն Ամիրաբդոլլահիանը:
Իրանի փոխարտգործնախարարը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում, տեղեկացրել է, որ Թեհրանն ու Մոսկվան S-300 ՀՀՊ համակարգի հանձնման մասին բանակցություններն արդեն ավարտել են և Ռուսաստանը մոտ ապագայում այդ համակարգերը կհանձնի Իրանին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ փոխնախարար Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին: Կողմերը հայտարարել են, որ Եմենում և Սիրիայում առկա հակամարտությունները լուծելու համար անհրաժեշտ է սկսել ազգային երկխոսություն:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ էլ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայյարին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի, Ղազախստանի և Օմանի հետ համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնի:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի` Ռուսաստանի տարածքից (նաև օդային) S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ է հայտարարվել:
Իրանի և Ռուսաստանի միջև S-300 ՀՀՊ համակարգի վաճառքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, համաձայն որի՝ Ռուսաստանն Իրանին պետք է հանձներ շուրջ 800 միլիոն դոլար արժողությամբ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգի 5 բաղադրամասերը, որոնք, սակայն, Արևմուտքի գործադրած ճնշումների պատճառով չտրամադրվեցին, ինչից հետո էլ Իրանը S-300-ի համար վճարած կանխավճարը ստանալու համար դիմեց միջազգային արբիտրաժային դատարան: