Հ. Մանուկյան. «Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է քաղաքական կամքը»
Կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե, կարևոր է քաղաքական կամքը: Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովում:
«Կառավարությունն ունի այդ կամքը, այդ իսկ պատճառով էլ կարևորում ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ակտիվ և շահագրգիռ մասնակցությունն այս կարևոր գործին»,-շեշտել է նախարարը:
Հովհաննես Մանուկյանի խոսքով, 2014 թվականին կոռուպցիայի դեմ պայքարում գրանցվել են տեսանելի հաջողություններ, մասավորապես, Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբն /ԳՐԵԿՈ/ ամբողջովին կատարված է համարել Հայաստանին տրված նախկին բոլոր 19 հանձնարարականները, սակայն դա բավարար չէ, և դեռևս լուրջ անելիքներ կան:
«Մենք ընդունում ենք, որ շոշափելի արդյունք կապահովենք այն ժամանակ, երբ հասարակությունը տա իրական գնահատական, իսկ դրա համար չպետք է լինի միայն քննադատություն, այլ կոնկրետ առաջարկություններ և իրապես շահագրգիռ քննարկում: Մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ, բայց դա չի նշանակում, թե այն փոփոխման ենթակա չէ: Պետք է թևերը քշտել և մտնել պայքարի մեջ»,-հավելել է նախարարը:
Միջոցառմանը մասնակցել են Տրայան Հրիսթեան, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտավան, Մակի Զարգացման ծրագրի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, պետական այլ գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հովհաննես Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քննարկման այսպիսի հարթակ ստեղծելու համար, նշել է, որ այն օգտակար կլինի քննարկելու և հասկանալու համար կոռուպցիայի դեմ պայքարի ներկա վիճակն ու հետագա գործողությունների տեսլականը: Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ հիմնահարցեր և դրանց լուծման ինչպիսի՞ քայլերի անհրաժեշտություն կա, որի համար պետք է միավորել ջանքերը, համադրել լուծման գործիքները՝ պետության գործողությունների առավելագույն արդյունավետության ապահովման համար:
Տրայան Հրիսթեան իր գոհունակությունն է հայտնել նման ներգրավվածության համար, որը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում որոշակի տեղեկատվության փոխանակման և առաջարկություններ լսելու համար:
«Կարևոր է քննարկել, երկխոսել և գտնել լուծումներ կոռուպցիայի դեմ պայքարում»,-ընդգծել է դեսպանը:
Նա հղում է կատարել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային, որին միացել է նաև Հայաստանը, ինչը հաստատում է, որ Հայաստանը ցուցաբերել է նախաձեռնություն և կամք կոռուպցիայի դեմ պայքարում, որի համար անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը դոնոր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը լրջագույն ջանքեր է ներդնում այս սկզբունքների կյանքի կոչման համար: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել և՛ կառավարությանը, և՛ քաղաքացիական հասարակությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում