Մի քանի թափթփուկ են էդ կարծիքին. Սուրիկ Խաչատրյանը` մահափորձը բեմադրված համարողների մասին
«Մի քանի թափթփուկ էդ կարգի կարծիք ունեն, շատերը չեն: Ոչ մի նորմալ մարդ նման կարծիք չունի», -այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե շատերը կարծում են, որ իր դեմ կատարված մահափորձը բեմադրություն էր:
Լրագրողների մյուս հարցերին Խաչատրյանը խուսափեց պատասխանել և ասաց, որ պատրաստ է մեքենա տրամադրել, տեղափոխել Սյունիք, որ «տեղում պարզաբանումները հեշտ լինի»:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր հայտարարել, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրություն էր:
Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին կրակահերթն արձակվել էր Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Ավտոմեքենայի մեջ եղել են Սուրիկ Խաչատրյանը և ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։ Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։ Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Հարակից հրապարակում`
Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարվածը բեմադրություն էր. Փոստանջյան