«Պատվերն ինքն է տվել». Տիգրան Սարգսյանը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին` պահանջելով 1 մլն դրամ
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկին գործարար և այժմ սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել պահանջելով` «shamshyan.com» կայքում հրապարակված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և բռնագանձել 1 միլիոն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
«Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել», -Shamshyan.com-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանի այս ու այլ հայտարարություններն էլ հիմք են եղել, որ Տիգրան Սարգսյանը դիմի դատարան:
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ-փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Արամ Օրբելյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանն անձամբ է դիմել իրենց և խնդրել ներկայացնել իրենց շահերը դատարանում:
«Մի շարք օրենսդրական պահանջներից ելնելով Տիգրան Սարգսյանի հետ այս հարցով քննարկում եղել է: Մանրամասներ չեմ կարող ասել, բայց պատվերն ինքն է տվել», -ասաց Օրբելյանը:
Այս գործով նախնական դատական նիստը կկայանա հունիսի 9-ին:
Հարցին, թե 1 մլն դրամը շատ չէ՞ որպես բարոյական վնասի փոխհատուցում սնանկացած գործարարից պահանջելու համար, Օրբելյանն ասաց, որ դա թույլատրելի գումարի կեսն է:
«Տվյալ գործողության համար քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է 2 մլն դրամ», -նկատեց Արամ Օրբելյանը:
Նշենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս գործով ներգրավված է երրորդ կողմ՝ որպես «shamshyan.com»-ի ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները