Բարեփոխումների փաթեթից պարզ կլինի՝ ԸՕ-ում փոփոխությունների անհրաժեշտություն կա՞, թե ոչ. Տիգրան Մուկուչյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող խոսել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման ժամկետների մասին, քանի որ դա նրա իրավասության և գործառույթների ոլորտում չէ։
«Երբ սահմանված կարգով կնշանակվի հանրաքվե, այդ ժամանակ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրականացնի օրենքով սահմանված գործողությունները»,- ասաց Տ.Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում հնարավոր փոփոխություններին, նա նշեց, որ այն հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ պատրաստ կլինի սահմանադրական բարեփոխումների վերջնական փաթեթը։ Ըստ Տ.Մուկուչյանի՝ նախորդ հանրապետական ընտրությունների արդյունքում կային Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի շարք առաջարկություններ, որոնք ներկայացվել էին նաև միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, ինչը ենթադրում է, որ նախկինում արված այդ առաջարկությունների մասով կլինեն քննարկումներ:
«Նախ պետք է ծանոթ լինենք սահմանադրական բարեփոխումներին, որպեսզի ասենք, թե սահմանադրական բարեփոխումները կհանգեցնե՞ն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, թե ոչ»,- ընդգծեց Տ.Մուկուչյանը: