Տ. Հրիսթեա. ԵՄ-ը կշարունակի համագործակցությունը ԱլԳ բոլոր երկրների հետ
Ռիգայում կայացած ԱլԳ գագաթաժողովը ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ծրագրի մասնակից երկրների հետ: Այսօր «Կովկաս 2014» միջազգային գիտաժողովի շրջանակներում իր ելույթում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Նա, ԵՄ պատվիրակության անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին: Դեսպանի խոսքով, Ռիգայում կայացած գագաթաժողովը դրական դինամիկա հաղորդեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացմանը: Հրիսթեան նշեց, որ նախորդ տարի կողմերը` ՀՀ-ն և ԵՄ-ը, ստուգում էին իրենց համագործակցության ապագա հեռանկարները: Դեսպանը հիշեցրեց, որ օրերս Եվրոպական հանձնաժողովը հանձնարարել է վերսկսել Հայաստան-ԵՄ բանակցությունները` հարաբերությունների իրավական նոր շրջանակի շուրջ:
«Ռիգայի գագաթաժողովը ցույց տվեց, որ ԵՄ-ը շարունակում է համագործակցել բոլոր անկախ և առանցքային գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց բոլոր հավակնությունները»,- նշեց դեսպանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` դեսպանը մտահոգություն հայտնեց նախորդ տարի գրանցված զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ` կրկին հավաստիացնելով, որ ԵՄ-ը աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:
Անդրադառնալով վերջին շրջանում ծավալվող գործընթացներին` Հրիսթեան նշեց, որ 2014 թվականը լուրջ զարգացումների տարի էր Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի համար, իսկ տարածաշրջանում ծավալվող զարգացումները Եվրոպայից և ծրագրի անդամ երկրներից պահանջեց «ավելի մեծ կենտրոնացում»:
ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, նախորդ տարի ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրեր կնքեց Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ: Այսօր դեսպանի հավաստիացմամբ, այս երկրների հետ համագործակցության ծրագրերը շատ ավելի հավակնոտ են:
Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ելույթում անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշեց, որ ԵՄ-ը, այնուամենայնիվ, ընդունեց Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը: Դրա վառ ապացույցը, ըստ քաղաքագետի, Ռիգայի գագաթաժողովում ծավալված գործընթացներն են և վերջնական արդյունքները:
Նշենք, որ այսօր մեկնարկած «Կովկաս 2014» միջազգային գիտաժողովը կրում է պարբերական բնույթ: Այն կազմակերպվում է Կովկաս ինստիտուտի կողմից: Գիտաժողովը կամփոփի Հարավային Կովկասում 2014 թ-ին ծավալված քաղաքական միտումները, եվրոպական ինտեգրացիայի գործընթացները, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները