Անհայտ անձը Թուրքիայում կրակել է պատգամավորության կին թեկնածուի վրա
Թուրքիայում հիմնական ընդդիմադիր «Ազգային-հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավորության կին թեկնածու Էլիֆ Դողան Թյուրքմենի ուղղությամբ Ադանա քաղաքում անհայտ անձը մեքենայից կրակ է բացել, որի հետևանքով վիրավորվել է պատգամավորության թեկնածուի ոտքը: Թյուրքմենը վիրավորվելու պահին գտնվել է տեղական ռեստորաններից մեկում, որտեղ ժամանել էր ընտրարշավի միջոցառմանը մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է ռուսական «ТАСС» գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք, ի տարբերություն նախորդ ընտրություններին, այս անգամ ընթանում են բավականին լարված նախընտրական մթնոլորտում:
Անցած շաբաթ 2 պայթյուն է տեղի ունեցել պրոքրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության գրասենյակներում, եղել են հարձակումներ նաև իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակների վրա: Բուրսա քաղաքի համայնքապետերից մեկը իր սեփական աշխատասենյակում ծանր վիրավորվել է անհայտ անձանց հարձակման հետևանքով: Գրանցվել են նաև այլ միջադեպեր, որոնք բոլորն ուղղված են ընտրարշավին մասնակցող տարբեր կուսակցությունների դեմ: