Մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում` մուրացկանություն անելու համար. Հայտարարություն ԱԺ-ում
Երևանի կենտրոնում 1 տարեկան կամ մի քանի ամսական երեխաներին գրկած մուրացկանություն անելը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը լուրջ խնդիր է համարում: Այդ խնդիրը այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 2014-ին հատկացված բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բարձրացնելիս Բաբայանը նաև սկանդալային հայտարարություն արեց. «Մանկատներից պռակատով երեխա են վերցնում ու փողոցներում մուրացկանություն անում, ինչպես է այդ հարցին վերաբերում Մարդու իրավունքների պաշտպանը»:
Բաբայանին օգնեց նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ կարող են նույնիսկ մանկատների անուններ ասել, թե որտեղից են «պռակատով» վերցնում երեխաներին:
Կարեն Անդրեասյանը արձագանքելով բարձրացված հարցին, ասաց, որ պատգամավորների այդ հայտարարությունն իր համար նորություն էր, նման բողոքներ չեն ստացել երբևէ ու հորդորեց մանկահասակ երեխաների հետ շրջող մուրացկաններին գումար չտալ:
«Միակ բանը որ պետք է անի քաղաքացին կամ զանգի ոստիկանություն, կամ ՄԻՊ գրասենյակ` 116 թեժ գծի հեռախոսահամարին: Երեխաների հետ մուրացիկների դեպքում փող մի տվեք, զանգեք գրասենյակ: Այդ ճանպարհով ավելի շատ օգնած կլինեք երեխային, քան 50-100 դրամ տալով»,-հայտարարեց Պաշտպանը:
Նա նաև խոստացավ, որ հետամուտ կլինի պատգամավորների բարձրացրած հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները