Միջազգային հարթակներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում այս հարցն անպայման քննության առարկա կդառա. Սփյուռքի նախարար
«Այժմ զբաղվում ենք սիրիահայ երեխաների ճամբարի, Հայաստան եկած սիրիահայերի բնակարանների վարձերի ապահովության, բժշկական աջակցության հարցերով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ կապված «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սիրիայի Պալմիրա բնակավայրի գրավման, խաղաղ բնակիչներին մահապատժի ենթարկելու, պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման վերաբերյալ, Հ. Հակոբյանն ասաց. «Կարծում եմ՝ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում այս հարցն անպայման քննության առարկա կդառա, քանի որ ոչնչացում են ոչ միայն մարդկանց, այլ նաև քարերի հետ են կռիվ տալիս, որը պատմություն է, արժեք է, պաշտպանված է միջազգայնորեն»:
Մայիսի 21-ին Դամասկոսից 215 կմ հյուսիս-արևելք գտնվող Պալմիրա բնակավայրի գրավումից հետո Իսլամական Պետության զինյալների ձեռքում են հայտնվել հնադարյան օազիս-քաղաքի ավերակները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված են պատմամշակութային համաշխարհային ժառանգության առանձնահատուկ նմուշների ցանկում: Պալմիրայի ավերակները բացառիկ ճարտարապետական արժեք են ներկայացնում` միավորելով հունական, ասորական և պարսկական մշակութային և ճարտարապետական ավանդույթները:
Ի դեպ, այսօր առավոտյան Panorama.am-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվել էր, թե արդեն հստակեցված է օրը, թե ե՞րբ է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատգամավորների խումբը այցելելու Սիրիա, ինչին նախարարը պատասխանել էր, թե «Մոտ ժամանակներս կլինեն Սիրիայում»:
Հենց այսօր արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն՝ մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս։