«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2014թ. կատարած աշխատանքների արդյունքներն են ամփոփվում
««Հայաստան» համահայկական հիմնադրամն ամենակայացած հարթակներից մեկն է, համախմբում է ողջ հայությանը՝ կոնկրետ ծրագրերի իրականացման շուրջ: Առանց հիմնադրամի, Հայաստանի ու Սփյուռքի օգնության, անհնար կլիներ Արցախում կյանքի կոչել ռազմավարական բազմաթիվ ծրագրեր: Հույս ունենք, որ այս անգամ էլ ևս մի ռազմավարական ծրագիր կյանքի կկոչվի»,- նախքան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ այսօրվա նիստի ընթացում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդես կգա նոր ծրագրային առաջարկով. «Կարծում եմ՝ սոցիալական, տնտեսական, ժողովրագրական առումով կարևոր ծրագիր է լինելու»:
Դավիթ Բաբայանը կարևորեց նաև 2014-ի ծրագիրը՝ Վարդենի-Մարտակերտ մայրուղու կառուցումը, որն, ըստ նրա, ռազմաքաղաքական, տնտեսական նշանակություն ունեցող մայրուղի է, որի կառուցումն արդեն ավարտին է մոտենում:
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ ամբողջ գումարը կա, Հայաստանի հատվածում մայրուղու շինարարությունն արդեն ավարտվել է, մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ կավարտվի ամբողջ ճանապարհի կառուցումը:
Նա հայտնեց, որ 2014 թվականի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվել է 76 փոքր, միջին ու մեծ ծրագիր՝ հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների կառուցում և այլն:
2014 թվականի իրականացված աշխատանքի արդյունքները տեսաֆիլմի միջոցով ներկայացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստի ընթացքում: Նիստը վարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Բաղդասարյանին հանձնեց հիմնադրամի նվիրատու բարերար անդամի վկայական, ով իր անձնական միջոցներից 900 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել հիմնադրամի ծրագրերին:
2014թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացնելու էր գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին:
Հիմնադրամի Սիդնեյի մարմնից Հայր Բարսեղ Ծայրագույն վարդապետ Սուսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գնահատելի է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքը. «Ես այս տարի իմ աչքով տեսա կատարված աշխատանքները: Արցախ գնացինք, մի քանի գյուղերում եղանք, որտեղ կառուցվել էին համայնքային կենտրոններ, դպրոցներ: Նաև Հայաստանում՝ Սասունիկի մանկապարտեզը, Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը: Հույս ունեմ, որ բոլոր ծրագրերն արդյունավետ կլինեն»:
Հիմանդրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Տիգրան Իզմիրլյանի ներկայացուցիչ, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Տարոն Առաքելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գոհացուցիչ են հիմնադրամի աշխատանքի արդյունքները. «Հիմանդրամը մեծ վստահություն ունի թե հոգեբարձուների կողմից, թե հանրության, քանի որ առաջին տարին չէ, որ իրականացնում է ծրագրեր: Պատշաճ մակարդակով ազգանվեր գործ է արվում»:
Արա Վարդանյանը նշեց, որ 15-20 տարի առաջ, երբ Հայաստանը նորանկախ պետություն էր, խնդիրները շատ-շատ էին, ավելի հեշտ էր գումարներ հավաքելը. «Այս պահին գործը պահանջում է միմյան պրոֆեսիոնալիզմ, քանի որ օդանավակայանից, Երևանից դժվար է ենթադրել, որ Հայաստանում դեռևս կան գյուղեր, որտեղ կա խմելու ջրի, դպրոցի խնդիր: Ամենօրյա աշխատանք է պահանջում, որպեսզի կարողանանք մարդկանց ցույց տալ ճիշտ խնդիրները»:
Ինչ վերաբերում է 2015 թվականի ծրագիրն, նա ասաց, որ առաջարկով պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը. «Արցախում ամեն խնդիր առաջնային է, տեսնենք ինչպիսի ծրագրային առաջարկով հանդես կգա Բակո Սահակյանը»: