Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Էջմիածնի գազալցակայանը, որտեղ երեկ տեղի էր ունեցել հզոր պայթյուն, պատկանում է «Մաքուր և ուղիղ» ՍՊ ընկերությանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Պայթյունի պատճառը պարզելու համար պետք է փորձագիտական ուսումնասիրություններ իրականացվեն: Առայժմ պատճառների մասին եզրակացություն չկա: Գիտենք, որ տեղի է ունեցել գազի կուտակում և պայթյուն, թե ինչը կարող էր դրա պատճառ հանդիսանալ, պարզ կլինի տեխնիկական փորձաքննության արդյունքում: Այս պահին կարող ենք ասել, որ միանշանակ գազի պայթյուն է տեղի ունեցել»,-ասաց ՏԿԱԻՆ պաշտոնյան:
Այս պահին հստակ չեն էլ կարող ասել՝ պայթյունը լիցքավորմա՞ն պահին է եղել, թե՞ ոչ:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Հովսեփյանը Panorama.am-ին ասաց, որ գազալցակայանը տեխնիկական անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ է անցել. «2010 թվականից էս կողմ չի անցել: Այն անօրինական կերպով է գործունեություն իրականացնել, որի համար տեսչության կողմից տուգանվել է, կասեցման որոշում է կայացվել»:
Վ. Հովսեփյանը չբացառեց, որ կլինեն նաև այլ ընկերություններ, ովքեր շահագործման իրավունք չունենալով հանդերձ, կգործեն:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին գազալցակայաններում անվտանգության ռեժիմները դարձնել խիստ վերահսկելի:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ով առավել հայտնի է Ճոյտ մականունով, գազալցակայանում: Տուժել է երեք մարդ՝ Հակոբյանի որդին, եղբայրը, գազալցակայանի աշխատակիցը: Նրանք այս պահին գտնվում են Այրվածքաբանության գիտահետոզոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Panorama.am-ին կենտրոնից հրաժարվեցին հեռախոսով տվյալներ հայտնել տուժածների առողջական վիճակի մասին:
Նախորդող հրապարակումներ՝
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին