Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքնված հանցագործություն է
Այս տարի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընտանեկան բռնությունից պաշտպանություն է խնդրել շուրջ 10 կին: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Պատգամավորն ասաց, որ Եվրոպայի խորհրդում հաճախ են եվրոպացիները իրենցից հարցնում` արդյոք Հայաստանում ընտանեկան բռնության դեպքեր լինո՞ւմ են և արդյոք այդ հարցով կանայք դիմո՞ւմ են Պաշտպանին:
Անդրեասյանն ասաց, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում լատենտային, այսինքն` թաքնված հանցագործություն է, բայց այդքանով հանդերձ, այս տարվա ընթացքում արդեն իսկ 10 ահազանգ իրենք ստացել են: Ահազանգը ստանալուց հետո ՄԻՊ գրասենյակի կանանց և երեխաների իրավունքների մասնագետը հանդիպել է զոհերի հետ:
«Եվրոպական երկրներում երբ նման դեպք է լինում, պետությունը նման կանանց կացարաններ է տրամադրում, մեզ մոտ նման բան չկա: Մենք դա արել ենք այդ հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք էլ կացարաններ են տրամադրել բռնության զոհ դարձած կանանց», -հավելեց նա:
Պաշտպանի խոսքով, կան անձինք, ովքեր կարծում են, որ նման կանանց աջակցելը, օգնելը ընտանեկան հարցերում միջամտություն է, «ազգային արժեքների դեմ է»:
«Որտե՞ղ եք տեսել, որ Հայաստանում ազգային արժեք լինի սեփական երեխային կամ կնոջը ծեծելը: Մինչև այս կարծրատիպերը չկոտրվեն, ընտանեկան բռնության շատ փոքր` մեկ տասնյակ թիվը, իրական թվից շատ հեռու կմնա», -հավելեց Անդրեասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան