Իրանահային ծեծի ենթարկած իրանցի ոստիկանները կկանգնեն դատարանի առջև
«Թեհրանի Մաջիդիե թաղամասում իրանահային ծեծի ենթարկած իրանցի ոստիկանները կկանգնեն դատարանի առջև»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ալեֆ.իր» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ, երբ նշվում էր Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված կոտորածների հարյուրերորդ տարելիցը, տհաճ միջադեպ է տեղի ունենում Թեհրանի հայաշատ Մաջիդիե թաղամասում: Տարածքում ծառայություն իրականացնող երեք ոստիկաններ, երբ ոստիկանական մեքենան լվանալու նպատակով գնում են հային պատկանող ավտոլվացման կետ, նկատում են, որ պատին փակցված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառը:
Ոստիկանների այն հարցին, թե ինչո՞ւ է պաստառը փակցրել ավտոլվացման կետի պատին, իրանահայը պատասխանել է, թե Ազգային առաջնորդարանը հորդորել է, ինքն էլ փակցրել է:
Իրանահայի այս խոսքերից հետո ոստիկանները ծեծի են ենթարկում հային: Ծեծին ականատես անցորդներն իրենց հեռախոսներով նկարահանում են միջադեպը: Ոստիկանները նրանց հեռախոսները վերցնում են, իսկ հային տանում տեղի ոստիկանական բաժանմունք:
Երբ, որ միջադեպի մասին տեղեկանում է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Հոսեյն Աշթարին, անմիջապես հրամայում է հատուկ ծառայողական քննություն իրականացնել, իսկ իրանահային ծեծի ենթարկած սպաները, տարածքի ոստիկանապետն ազատվում են աշխատանքից և գործն ուղարկվում է դատարան:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը