Արա Վարդանյանը վերահաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մինչ նիստը սկսելը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը (Արգենտինայից):
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2014թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում Արա Վարդանյանին՝ 2015 թվականի մայիսի 27-ից երեք տարի ժամկետով, հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Գործադիր տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարեանը և աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը:
Եզրակացությունը ներկայացնելուց հետո, Վ. Ճազմատարեանը, ով վերստուգիչ հանձնաժողովի անդամի պաշտոնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է 1991թ-ից ի վեր, պաշտոնից հրաժարական է ներկայացրել և իր փոխարեն առաջարկել իր խոսքով՝ ավելի երիտասարդ, եռանդով լի և բարձր մասնագիտական կարողություններ ունեցող Արա Ասլանի թեկնածությունը, որն ընդունվել է խորհրդի կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ճազմատարեանին՝ երկարատև և օգտակար գործունեության, մեծ նվիրումով ու սկզբունքայնությամբ իրականացրած աշխատանքի համար և խորհրդին տեղեկացրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով Վահե Ճազմատարեանին պարգևատրելու իր որոշման մասին: ՀՀ նախագահը պետական բարձր պարգևը նիստի ժամանակ հանձնել է Վահե Ճազմատարեանին:
Հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ով մինչ օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է շուրջ 900.000 ամերիկյան դոլար, շնորհել է Բարերար անդամի վկայական:
Նախորդող հրապարակումներ՝
Արցախի նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ում ընդգրկել բազմազավակ ընտանիքներին տնով ապահովելու ծրագիրը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2014թ. կատարած աշխատանքների արդյունքներն են ամփոփվում