«Սենսացիա չկա». ՀԷՑ-ն ուղղել է էլէներգիայի սակագնի մասին հայտում տեղ գտած անճշտությունները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Հայասատնի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացրած հայտը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:
ՀԷՑ-ը սակագնի վերանայման մասին հայտը ներկայացրել է մայիսի 8-ին, իսկ ըստ ՀԾԿՀ աշխատանքային կարգի, նախատեսված է, որ հայտը Հանձնաժողովը կարող է ուսումնասիրել մինչև 80 աշխատանքային օրերի ընթացքում: Փաստաթուղթը 4 հազար էջից ավել է:
Անդրադառնալով ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտի մեջ տեղ գտած վրիպակներին, Մարիամ Ստեփանյանն ասաց, որ փաստաթղթերը եղել են ոչ լիարժեք, «մասնակի ուղղումների կարիք ունեցող փաստաթղթեր» ինչը նորմալ երևույթ է:
«Ներկայացրած հայտը փաստաթղթային թղթապանակ է, և հնարավոր է այնտեղ որոշակի անճշտություններ լինեն, որոշակի ոչ լիարժեք փաստաթղթեր: Երկարատև ու խորը ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս են փաստաթղթային թերություններ, ասենք ռուսալեզու փաստաթղթերը հետ են ուղարկվել, շատ արագ աշխատանքային կարգով ՀԷՑ-ի կողմից լրամշակված տարբերակով ներկայացվել են հանձնաժողովին: Կամ ուսումնասիրության ընթացքում, եթե կարիք առաջանում է լրացուցիչ փաստաթղթերի, ապա դրանք աշխատանքային կարգով լրացվում են ընկերության կողմից: Այստեղ աղաղակող բան կամ սենսացիա չկա, չեմ տեսնում; Սա աշխատանքային գործընթաց է», փոխանցեց Ստեփանյանը:
Նա ասաց, որ հանձնաժողովում տիրող տրամադրության մասին դեռ «շատ վաղ» է խոսել: «Երբ մենք ուսումնասիրությունից հետո գոնե նախնական գնահատական կունենանք նոր կուզենանք ներկայանալ հանրությանը», -ասաց ՀԾԿՀ ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումների անցկացմանը, ապա Ստեփանյանն ասաց, որ եթե Ազգային ժողովը որոշեց, որ «պարոն Նազարյանը պետք է ներկա գտնվի, մասնակցի լսումներին, արդեն կհետևի նրա պատասխանը»:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, ՀԷՑ-ը առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ ԿՎՏ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: Եթե հանձնաժողովը հաստատի այս սակագինը, ցերեկային ժամերին էլեկտրաէներգիան կթանկանա 40.8 տոկոսով, իսկ գիշերը՝ 53.6 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան