Բակո Սահակյանի աշխատանքային այցը Ֆրանսիա իր բնույթով աննախադեպ էր
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը ամփոփել է այս տարվա մայիսի 18-20-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցը` այն բնութագրելով որպես իր բնույթով աննախադեպ:
«Այս այցը երկու երկրների` Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի միջև կապերի վերահաստատման և բարեկամության ամրապնդման հնարավորություն էր, ավելին, այն երկու երկրների միջև հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթի ուժեղացմանն էր ուղղված: Նախագահ Սահակյանը ջերմ ընդունելության արժանացավ Ազգային ժողովում, նա նաև հրավերք էր ստացել Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի կողմից: Այս երկու միջոցառումների ընթացքում նա բազմակողմ հանդիպումներ ունեցավ խորհրդարանականների հետ»,- նշվում է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի կողմից տարածված հայտարարության մեջ:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի բնութագրմամբ` այցն առանձնանում էր հանդիպումների և դրանց արդյունքնում ձեռք բերված պայմանավորվածությունների բարձր մակարդակով: Վերջինիս խոսքով` խորհրդարանականները ջերմ ընդունելության են արժանացրել Բակո Սահակյանին, ինչպես նա մեծ հետաքրքրություն ցուցաբերել Արցախի պետականաշինության փորձի նկատմամբ:
Ինչպես տեղեկացվում է, աշխատանքային այցի շրջանակներում Արցախի քաղաքների և Ֆրանսիայի մի քանի քաղաքների միջև ընկերության հուշագրեր են ստորագրվել: Նախկինում գործում էր ավելի քան չորս ընկերության նման հուշագիր:
«Ակնհայտ է, որ մեր երկիրը արցախցիների համար նախապատվելի կարգավիճակ ունի: Ֆրանսիան միակ երկիրն է, որի հետ Լեռնային Ղարաբաղը ունի այսքան շատ ընկերության հուշագրեր: Ես իմ գործընկերներին կոչ եմ արել դիտարկել նաև տնտեսական կապերը»,- իր խոսքում նշել է Ֆրանսուա Ռոշբլուան:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը վերահաստատել է, որ այս տարի նոյեմբերին Ստեփանակերտում կայանալու է Ֆրանկոֆոնյան փառատոնը: Այս կապակցությամբ խումբը ֆրանսիական տնտեսական կառույցներին կոչ է արել ակտիվ կապ պահպանել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության հետ: