Ռեկտորների ընտրություններ՝ բուհերում. Սպասե՞լ փոփոխություններ
Հունիսին Երևանի պետական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում կայանալու են ռեկտորի ընտրություններ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումներ ընդունվում են մայիսի 5-ից մինչև հունիսի 9-ը: Panorama.am-ի հետ զրույցում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանն ասաց, որ չի կարող ասել, թե այսօրվա դրությամբ քանի դիմում է ներկայացվել, քանի որ, ըստ ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի, նման տեղեկատվություն կարող են տրամարդել միայն հայտերի ընդունման ավարտի հաջորդ օրը:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 19-ին:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտերն ընդունվում են մայիսի 7-ից մինչև հունիսի 8-ը: Համալսարանից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ արդեն երկու հայտ կա: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար մայիսի 21-ին իր թեկնածությունն է առաջադրել տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Ոստանիկ Մարուխյանը 2006-2011 թվականներին զբաղեցրել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ներկայիս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի) ռեկտորի պաշտոնը: Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար առաջադրվել է նաև Հովհաննես Թոքմաջյանի թեկնածությունը: Նա այժմ նույն բուհի ռեկտորի պաշտոնակատարն է:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 20-ին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումներ կարող էին ներկայացնել մինչև մայիսի 21-ը: Panorama.am-ի հետ զրույցում Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Հարությունյանն ասաց, որ մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրել է միայն գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Նա Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորն է 2012 թ.-ի դեկտեմբերի 28-ից:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան