Խորքային հորերի դեմ պայքարի արդյունքում Արարատյան դաշտում մեծ ծավալի ջուր է խնայվել
Արարատյան դաշտավայրում խորքային հորերն անխղճորեն օգտագործող տնտեսությունների նկատմամբ կիրառած ճնշման արդյունքում Արմավիրի ու Արարատի մարզերի գյուղական մի քանի համայնքներում ջրի մակարդակը բարձրացել է, ծավալն ավելացել:
Բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ օրինակ, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում վայրկյանում 130լիտրից ջրատվությունը ավելացել է մոտ 200լիտր վայրկյանում: Իսկ ահա, Արաքս համայնքում գտնվող բացասական հորիզոնով հորերն այս պահին ինքնաշատրվանում են 45լիտր վայրկյանում:
Փոխնախարարի խոսքով, ստորերկրյա ջրային պաշարների հաշվին նաև էականորեն բարձրացել են Արմավիրի մարզի Ակնա լճի` 70սմ և Կապույտ լճի` 40սմ մակարդակները:
«Արարատյան դաշտում ստորգետնյա քաղցրահամ ջրերի գերշահագործում էր կատարվում և բավական մեծ ծավալով օգտագործվում էր ձկնաբուծական տնտեսությունների համար: Դրա համար 2014 թվականին կտրուկ միջոցներ իրականացվեցին, ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն և ունեցանք արդյունք»,-փոխանցեց պարոն Պապյանը:
Մասնավորապես, իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել, լուծարվել ու կոնսերվացվել է 315 ապօրինի գործող հորատանցք:
Իսկ դրա արդյունքում, Արարատյան դաշտում փոխնախարարի խոսքով, խնայվել է տարեկան 769.2 մլն խ/մ (24391,3 լիտր ջուր վայրկյանում): «Նախարարի հետ դա հաճախ համեմատում ենք Ախուրյանի ջրամբարի հետ, որտեղ ջուրը 525 մլն խմ է»,- նկատեց Պապյանը:
Բացի այդ սակավաջրության վերաբերյալ կառավարության նոր որոշման գործածության արդյունքում խնայվել է տարեկան 618.8 մլն խորանարդ մետր ջուր (19623.5 լ/վրկ ջուր): Ընդհանուր առմամբ, 2014-2015 խնայված ջրի քանակը կազմել է 44. 015 լիտր վայրկյանում 1 մլրդ 388.1մլն խմ:
«Մենք կանչեցինք բոլոր տնտեսվարողներին, ասացինք, որ սակավաջրության խնդիր է առաջանում է և այլևս ջուր չենք կարող տալ: Մենք աշխատել ենք տնտեսվարողների բիզնեսին չխփել. եթե ապօրինի է փակել ենք, փորձել ենք ձկնաբույծների հետ գոծընկերային դաշտում աշխատել, որովհետև հասկանում ենք, որ գումար են ներդրել, գործ են անում», -նկատեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները