Ցեղասպանությունից հետո պետականություն, դա աննախադեպ էր. Ավագ Հարությունյան
1918 թվականին Առաջին Հանրապետությունը և ձեռք բերած անկախությունն աննախադեպ էր համաշխարհային պատմության մեջ. ոչ մի ժողովուրդ, ոչ մի երկիր չկա, որ ցեղասպանության ենթարկվի ու դրանից ընդամենը երեք տարի հետո անկախ պետականության տեր դառնա: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան, ՊՆ Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը:
Եվ այդ պետականությանը, ըստ մեր զրուցակցի, հայ ժողովուրդը տեր դարձավ հայ զինվորի բազկի ուժի շնորհիվ:
«Եթե 18 թվականի Սարդարապատում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հերոսամարտերում չհաղթեինք, այդ անկախ պետականությունը չէինք ունենա: Այսինքն, մեր զինվորի ուժը նշանակալի էր մայիսյան հերոսամարտերում հաջողության հասնելու համար», -հավելեց Հարությունյանը:
Առաջին Հանրապետության խորհուրդը, նրա խոսքով, նշանակալի էր հատկապես երրորդ Հանրապետության ստեղծման գործում:
«Խորհրդային տարիներին մոռացված ու արգելված էր նշել այս տոնը: Բայց միևնույնն է՝ մայիսը կրկնվեց, հաղթեցինք արցախյան պատերազմում և մեր ներկա հանրապետությունը նույնպես ստեղծվեց Արցախում հաղթանակների արդյունքում: Եթե չհաղթեինք անպատկերացնելի է` ինչ կլիներ»,-նկատեց պատմաբանը՝ շեշտելով, որ երրորդ Հանրապետության ստեղծումը գաղափարական-հոգեբանական առումով շատ նման է առաջին հանրապետության ստեղծմանը:
Առաջին Հանրապետությունը շուտ կորցրինք, քանի որ նրա խոսքով, 1920 թվականին տարածաշրջանում իրադրությունը կտրուկ փոխվել էր. Քեմալական Թուրքիան էր ի հայտ եկել, և հայ ժողովուրդը մնացել էր միայնակ:
«Եվրոպական, ամերիկյան խոստումները, մնացին թղթի վրա, էլ չեմ ասում ժամանակի տարածության առումով հեռու էին ու առանձնապես ցանկություն էլ չունեին օգնություն ցույց տալ: Ինչ-որ տեղ նաև դեր խաղաց այն հանգամանքը, որ մենք չգնահատեցինք 18-ի մայիսյան հերոսամարտերը ու հույսներս դրեցինք դրսի օգնության վրա, վուդրո վիլսոնների օգնության վրա: Մի բան հաստատ է՝ հայը անկախ պետականություն կարող է ունենալ զենքի ուժով, արյուն թափելով, և պատմական հողերը կարող է վերամիավորել միայն զենքի ուժով»,-հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները