Բուդաղյանների գործով խախտումներ թույլ տված բոլոր քննիչները պաշտոնի բարձրացում են ստացել. Հայկ Ալումյան
2013-ի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված դեպքի հետքերով երեք գործ է քննվում տարբեր ատյաններում. Սյունիքի մարզի դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի դեմ գործը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում Բուդաղյանների բողոքները, որի շրջանակում բարձրացվում են Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործի քննության ընթացքում տեղ գտած խախտումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարկությունում արդեն գրանցվել է Բուդաղյանների գանգատը:
Սա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելիս Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նոր խախտումներ են ի հայտ եկել, «եթե չասեմ՝ կեղծիքներ»: Դատարանը, Ալումյանի խոսքով, արձանագրելով, որ քննության ընթացքում խախտումներ են տեղի ունեցել, որոշել է դատարան հարցաքննության հրավիրել քննիչներին և այդպիսով Սյունիքի մարզի դատարանում հարցաքննվել են երկու քննիչներ:
Ի դեպ, փաստաբանն ասաց, որ այս գործով քննիչները պաշտոնի բարձրացում են ստացել: Օրինակ, հարցաքննված քննիչ Մինասյանը հասարակ քննիչից դարձել է դատախազ, իսկ մյուս քննիչ Ալեքսան Ղազարյանը աշխատում է դատախազությունում վարչություններից մեկի պետն է:
«Նրանք այն քննիչներն են, ովքեր ազատ են արձակել Տիգրան Խաչատրյանին», -հավելեց Ալումյանը:
Անդրադառնալով դատարանում այս քննիչների հարցաքննությանը, փաստաբանն ասաց, որ նրանց հարցաքննությունից, իրենք ավելի են խճճվել, քանի որ քննիչների ցուցմունքներն «իրարամերժ, տարօրինակ, նաև զավեշտալի էին»: Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ դատարանը որոշել էր թույլատրել Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսազանգերը գաղտնալսել, սակայն ԱԱԾ-ից պատասխանել էին, որ գաղտնալսում չի կատարվել տեխնիկական պատճառներով: Մինչդեռ փաստաբանի պնդմամբ, գաղտնալսված նյութը պարզապես անհետացել է գործից:
Հիշեցնենք՝ այս մասին Գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարել էր որ ԱԱԾ-ն տեխնիկական միջոցներ չի ունեցել ձայնագրելու-գաղտնալսելու Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների խոսակցությունը և ասել էր, որ դրանք չէին կարող ազդել գործի ելքի վրա:
Սակայն փաստաբան Ալումյանը համաձայն չէ այդ հայտարարության հետ. «Եթե կարևոր չլիներ, դատարանը թույլ չէր տա գաղտնալսումներ իրականացնել»:
Մյուս խախտումը, որ թույլ է տրվել այս գործով քննիչի կողմից, դա դեպքի վայրի զննության տեսագրության անհետանալն է:
«Այդ տեսագրությունը գործի մեջ չկա: Ի՞նչ տեղեկություն է պատահաբար հայտնվել այդ կրիչի վրա, որ անհրաեշտություն է եղել գործի նյութերից հանել տեսանյութը: Փաստացի ունենք հետևյալը՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ գրված է, որ կա տեսագրություն, բայց դա չկա»,- ներկայացրեց Հայկ Ալումյանը:
Հատկանշական է քննիչի պատճառաբանությունը. Ալումյանի խոսքով, քննիչը ասել է, որ «շփոթմամբ է գրել, որ տեսագրված է»: Փաստաբանի կարծիքով անհնարին է՝ «մի բան չանել, բայց գրել, որ արվել է»:
Հետևաբար պաշտպանական կողմը վստահ է՝ ինչ-որ իրեղեն ապացույց կամ անձ եղել էլ, որ անհրաժեշտություն է եղել գործից հանել տեսանյութը: