Արտո Չաքմաքչյան. Ինձ համար մագնիս է դարձել Հայաստանը
«Արժանանալով այս պարգևին՝ պարտավորվում եմ էլ ավելի ուժ հավաքել, որպեսզի կարողանամ արդարացնել իմ հայրենիքի վերելքը: Ինձ համար մագնիս է դարձել Հայաստանը: Իմ աշխատանքները բոլորը Հայաստանի համար են, և գիտեմ, որ սխալ չեմ»,- Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Պատվո շքանշանով պարգևատրվելուց հետո ասաց քանդակագործ Հարություն (Արտո) Սուրենի Չաքմաքչյանին (Կանադա):
Քանդակագործ, նկարիչ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1991) 82-ամյա Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: 1960- ական թթ. Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը։
Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:
Արվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար նկարիչ Վլադիմիր Մարգարյանին (Վալմար) շնորհվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
«Արվեստը զգացմունքային գիտություն է, զգացական աշխարհի մարդիկ լավ են զգում, նաև նոր ուժ են ստանում պետական պարգևներ ստանալով: Պարգևատրումը նաև պարտավորեցնում է, ոգևորում է, որ ավելի աշխատես, որ արվեստագետներն ավելի հավատալով իրենք իրենց, իրենց ներքին զգացողությանը, քայլ անեն դեպի առաջ, դեպի լույս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վալմարը:
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Ալբերտ Գյունաշյանն էլ, ով արժանացավ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, այսուհետ պետք է փորձի էլ ավելի լավ ելույթ ունենալ, քանի որ. «Պետական կոչմանն արժանանալը ստիպում է ավելի լավ ելույթ ունենալ, ավելի լավ գործեր կատարել»:
Հանրապետության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
«Արվեստը բարձր որակի հասնելու շնորհիվ է, որ այս պարգևներին ենք արժանանում: Պատվաբեր, պարտավորեցնող իրողություն է: Այս օրվանից պարտավորվում եմ ավելի լավ ներկայանամ ու ներկայացնեմ իմ երկիրը»:
Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանն արժանացավ Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:
«Կարծում եմ՝ արժանանալով այս կոչմանը, ստիպված եմ հնարավորին չափ ավելի երկար ապրել, որպեսզի արդարացնեմ այս բարձր կոչումը»,- ասաց Ե. Երզնկյանը: