Բակո Սահակյան. Հայ ժողովուրդն այսպես համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ և հասել մինչև մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել ՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն ու ավանդույթները և, որ ամենակարևորն է, անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը:
Այդ երազանքն իրականություն դարձավ 1918 թվականին` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին և տեր կանգնեց իր հողին ու ջրին: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ և շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում և վերածնել հայոց անկախ պետականությունը:
Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով և Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է: Դասեր քաղելով անցյալից` հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը` դեպի պայծառ ու լուսավոր ապագա:
Թանկագին հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»,-ասված է Արցախի նախագահի խոսքում: