Հակառակորդին հետ մղած զինվորները պարգևատրվեցին. «Այս դասակում բոլորը հերոս են»
«Հուզմունքի հետ միասին հպարտություն եմ զգում: Այն տղաների՝ անպարտ, ամուր, գործողությունների վրա են հենված մեր ապագա հաղթանակները: Մեր տղաները երևի թե մեր պապերից, մեր ծնողներից ստացել են քաջագորոծություններ, հերոսություններ կատարելու հատկանիշները, միշտ էլ պատրաստ են առաջին գծում կանգնած պաշտպանել հայրենիքի սահմանները, ժողովրդի խաղաղ արարումը»,-Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մի խումբ զինծառայողներ Արիության մեդալով պարգևատրվելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, հայ զինվորը կարողանում է ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել, արագ գնահատել իրադրությունը, համարժեք գործողություններ ձեռնարկել և իրականացնել:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և տոկունության համար Արիության մեդալով պարգևատրվեց N դասակի հրամանատար, լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը:
«Մարտի 19-ին մեր դիրքերի մերձակայքում հակառակորդի կողմից դիվերսիոն հարձակում եղավ՝ փորձելով ոչնչացնել բոլորիս, երևի նաև գերիներ վերցնել, բայց նրանց չհաջողվեց, որովհետև ունեի մի դասակ, 11 հոգուց էր բաղկացած, իսկական հայ զավակներ էին, գնահատում էին ընկերոջ կյանքը, պատրաստ էին զոհել իրենց կյանքը ընկերոջ համար: Նրանք ապացուցեին դա: Ունեցանք չորս զոհ, բայց նրանք ընկան իրենց ընկերների համար»,- պատմեց դասակի հրամանատար, լեյտենանտ Գաբրիելյանը:
Նա այս պահին բուժման մեջ է, որն ավարտելուց հետո շարունակելու է ծառայությունը:
Նույն զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Օնիկ Միքայելյանն էլ պարգևատրվեց Արիության մեդալով: Նա էլ երբեք չի կարող մոռանալ 2015 թվականի մարտի 15-ը. այդ օրը կորցրեց իր չորս մարտական ընկերներին. «Առավոտյան ենթարկվեցինք դիվերսիոն հարձակման: Հանկարծակի հարձակում էր, բայց մենք կարողացանք տիրապետել իրավիճակը, խուճապի չմատնվեցինք, կարողացանք ինչ որ չափով հակառակորդին վնաս հասցնել: Ամբողջ դասակից չորս զոհ ենք ունեցել: Ես ողջ մնացի ու այսօր պատիվ ունեմ ներկայանալու պարգևատրման արարողությանը»:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և տոկունության համար նույն զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Ռաֆայել Նազարյանը նույնպես պարգևատրվեց Արիության մեդալով:
Սեյրան Օհանյանն ասաց. «Այս դասակում բոլորը հերոս են: Այսօր և ընդմիշտ ապահովելու ենք հայ ժողովրիդ համար հաղթանակներ»: