«Թուրքական հոսքը» կառուցելով Ռուսաստանը մեկ կրակոցով 2 նապաստակ է սպանում
Իրագործելով «Թուրքական հոսք» նախագիծը` Ռուսաստանը կարող է էականորեն ավելացնել գազի մատակարարումը ինչպես Եվրոպական երկրներ, այնպես էլ դեպի Թուրքիա: Այս մասին գրում է ռուսական «РИА» գործակալությունը:
Ինչպես նշվում է հոդվածում, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հասկացրել է, որ չի պատրաստվում հապաղել «Թուրքական հոսքի» կառուցման հարցում և նախատեսում է այն շահագործման հանձնել արդեն 2019թ-ին:
Նախագծի իրականացման աշխատանքներին են միացել իտալական «Saipem» և գերմանական «Europipe» կորպորացիաները:
Ինչպես նշում է գործակալությունը, Ռուսաստանը նախատեսում է խողովակաշարի ստորջրյա հատվածի շինանարությունը սկսել այս տարվա հունիսին` դրանով իսկ հասկացնելով եվրոպական երկրներին, որ հրաժարվում է Ուկրաինայի տարածքով գազի փոխադրման գաղափարից և այն իրականացնելու է «Թուրքական հոսքով»:
Նշենք, որ միևնույն ժամանակ վերլուծաբանները կասկածում են, որ եթե եվրոպական երկրները չսկսեն էներգանախագծի ենթակառուցվածքների իրենց հատվածի շինարարությունը, ապա Ռուսաստանը չի կարողանա արագացնել նախագծի իրագործման ժամկետները:
Ըստ հոդվածի`«Թուրքական հոսք» նախագծի ամբողջական իրագործումը բավականին բարդ խնդիր է, և այդ ճանապարհին Ռուսաստանը կարող է ֆինանսական և քաղաքական խնդիրների առաջ կանգնել: Սակայն Ռուսաստանը, ըստ երևույթին, երկարաժամկետ կառուցողական պլաններ է մշակել «Թուրքական հոսքի» հարցում, քանի որ վերջին 10 տարում Թուրքիայի գազի սպառման ծավալները աճել են մոտ 2 անգամ, ինչը նշանակում է, որ առաջիկա հեռանկարում «Թուրքական հոսքի» 4 խողովակաշարերից երկուսը անհրաժեշտ կլինեն միայն Թուրքիայի ներքին շուկան բավարարելու համար: Ուստի, ինչպես նշվում է գործակալությունը, Անկարան ամեն ինչ կանի էներգանախագիծը կյանքի կոչելու համար:
Հոդվածը մեջբերում է մի շարք վերլուծաբանների կարծիքը, համաձայն որի «Թուրքական հոսքի» կառուցումով Ռուսաստանը 2 նապաստակ է սպանում մեկ կրակոցով, քանի որ, եթե եվրոպական երկրները կառուցեն խողովակաշարի իրենց հատվածը, Ռուսաստանը առավել մեծ ծավալի գազ կկարողանա արտահանել, իսկ եթե չէ`միևնույն է, մուտք կստանա դեպի Թուրքիայի աճող շուկա: