«Հայաստանը ցանկանում է, որ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին»
Հայաստանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմիի հետ հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սիրիայում ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի քննարկման համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով:
Այս համատեքստում Սիրիայի արտգործնախարարը արժևորել է ընդդիմության հետ Մոսկվայում անցկացված բանակցությունները։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։ Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը և Վալիդ ալ-Մուալլեմը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։
ԱԳՆ փոխանցմամբ, այցի օրակարգում էր Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ:
Նախարար Նալբանդյանն արժևորել է Սիրիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ կարևորելով խորհրդարանականների դերը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման գործում:
Հանդիպմանը քննարկվել են Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող խնդիրներ։
Սիրիայի խորհրդարանի նախագահը ներկայացրել է ճգնաժամի հաղթահարման, ներազգային համերաշխության հասնելու ուղղությամբ խորհրդարանի գործունեությունը, այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները։
Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է. «Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»։
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը։ Այդ համատեքստում Սիրիայի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը Սիրիայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և կարևորեց հաջորդ ամիս նախատեսվող հայաստանյան խորհրդարանական պատվիրակության այցելությունը Դամասկոս:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայ Առաքելական, Կաթողիկե և Բողոքական եկեղեցիների առաջնորդներին։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները և հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։
«Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է և իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում»,-շեշտել է արտգործնախարար Նալբանդյանը։
Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ելույթներում երախտագիտություն են հայտնել Սիրիա այցելելու համար՝ այն բնորոշելով որպես սիրիահայության հետ համերաշխության և ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակցությության դրսևորում։ Սիրիահայերը կարևորել են Դամասկոսում Հայաստանի դեսպանության և Հալեպում գլխավոր հյուպատոսության ակտիվ գործունեությունը։
Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է սիրիահայությանը հուզող բազմաթիվ հարցերի։
Նախորդող հրապարակումներ՝
Նալբանդյան. Հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը
Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները Թուրքիային մեղադրել են շարունակական զանգվածային սպանությունների մեջ. SANA
ՀՀ ԱԳ նախարարի այցը Դամասկոս կարևոր է Սիրիայում ստեղծված իրավիճակի պայմաններում. Արաբագետ
ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայում մնացած հայերի մասին. Ով ցանկություն ունի, նա գալիս է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան