Տաջիկստանի ՆԳՆ հատուկ ջոկատի հրամանատարը անցել է ԻՊ-ի շարքերը
Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատի հրամանատար, կոչումով գնդապետ Գուլմուրդ Խալիմովը, ով արդեն մեկ ամիս է ինչ անհետացել էր հանրապետությունից, անցել է Իսլամական պետության շարքերը: Հայտնում է «Взгляд»-ը:
Տարածված տեսաուղերձում ԻՊ-ի համակիրների հետ միասին գնդապետ Խալիմովը վարժ ռուսերենով ծայրահեղական կազմակերպության կողմը անցնելու իր քայլը բացատրում է Տաջիկստանի Ներքին գործերի գերատեսչությունում առկա խնդիրներով, մասնավորապես շեշտելով, որ այնտեղ արգելում են կրել իսլամական զգեստներ, ինչպես նաև օրվա ընթացքում հինգ անգամ նամազ անել:
Խալիմովը իր դժգոհությունն է հայտնում ռուս-տաջիկական և ռուս-ամերիկյան հարաբերությունների մասով` չնայած այն հանգամանքին, որ նա ռազմական պատրաստություն է անցել թե ամերիկյան և թե ռուսական հատուկ ծառայությունների կազմում:
Տարբեր տեղեկությունների համաձայն` գնդապետի Տաջիկստանը լքելու և Սիրայում ԻՊ-ին միանալու լուրը հաստատել են նաև Տաջիկստանի հատուկ ծառայությունները` հավելելով, որ նրա հետ Սիրիա են տեղափոխվել նաև մինչև մեկ տասնյակի հասնող իր նախկին ենթակա զինվորականներ:
Հաղորդվում է, որ տարբեր հաշվարկների համաձայն ԻՊ-ի շարքերում այս պահին մարտնչում են Տաջիկստանի ավելի քան 400 քաղաքացիներ: ԻՊ-ի շարքերը անցած տաջիկ գնդապետը ՆԳՆ հատուկ ջոկատի ղեկավարումը ստանձնել էր երեք տարի առաջ: