Իրանի ԱԳ նախարար. Հուսով ենք՝ միջուկային խնդրի շուրջ տրամաբանական ժամկետում համաձայնության կհասնենք
«Հուսով ենք՝ միջուկային խնդրի շուրջ տրամաբանական ժամկետում համաձայնության կհասնենք»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին և դրանց ժամկետների երկարաձգման հավանականությանը, մասնավորապես նշել է. «Եթե հակառակ կողմը հավատարիմ մնա Լոզանում արված հայտարարությանը և ջանքեր գործադրի, որպեզի համաձայնագրի վերջնական տեքստը մշակվի փոխադարձ հարգանքի հիման վրա, ապա այդ դեպքում կարող ենք փաստել, որ մինչև հունիս կհասնենք վերջնական համաձայնության»:
«Եթե որևէ մեկը գնա մեծ պահանջներ ներկայացնելու ճանապարհով, ապա իրավիճակը կբարդանա»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
Նշենք, որ ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում համաձայնագրի տեքստի մշակման շուրջ բանակցություններ վարեն, որպեսզի հունիսին ձեռք բերվի վերջնական համաձայնությունը:
Հավելենք նաև, որ նախօրեին ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտարարեց, որ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները հնարավոր է շարունակվեն նաև հունիսից հետո: