Հայաստանում ծխելու դեմ պայքարն ակտիվանում է. Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» օր
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն, այդ թվում նաև Հայաստանը մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից: Այս տարվա կարգախոսն ուղղված է ծխախոտի ապօրինի վաճառքին:
Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: 15-տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է տղամարդկանց շրջանում 50, իսկ կանանց շրջանում`3%:
«Կանանց մոտ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի և այլ մարզերում գյուղական համայնքներում բնակվող կանաց շրջանում: Համաձայն վիճակագրական տվյալների` կանանց շրջանում ծխախոտի տարածվածությունն առավել շատ է մայրաքաղաքում, քան գյուղական համայնքներում»,- ասաց Ա. Բազարչյանը:
Նրա խոսքերով՝ 1999 թ-ից սկսած Հայաստանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են հետևելու ծխախոտի տարածվածության մակարդակին: Հերթական նմանատիպ հետազոտությունը նախատեսվում է իրականացել այս տարի աշնանը: Նա նշեց, որ վերջին հետազոտությունը մեծահասկաների շրջանում անցկացվել է 2012թ-ին:
«Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա տարբեր գործիքներ կան, որոնք հետևում են դեռահասների շրջանում ծխախոտի օգտագործման տենդենցներին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկան հասակում»,- ասաց Ա.Բազարչյանը:
Բնորոշելով իրավիճակը Հայաստանում, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը նշեց, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ մեզ մոտ, ծխախոտի օգտագործումը բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Դեռահասների շրջանում մեր վիճակագրությունը, ըստ Ա.Բազարչյանի ավելի հուսադրող է, քան այլ երկրներում է. «Սակայն դա չի կարող մեզ հանգստացնել, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկրում մարդիկ սկսում են ծխել 17-ից մինչև 22 տարեկան ընկած ժամանակահատվածում: Դա բացատրվում է նրանով, որ հայ երեխաները երկար են մնում ծնողների հսկողության տակ»:
Նրա խոսքերով՝ ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները կանխելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Պայքարից մեկն էլ գնային քաղաքականությունն է, որի բարձացումը ծխողների մի մասին կստիպի հրաժարվել ծխախոտից: Այսօր գրեթե բոլոր երկրները տարբեր մեթոդներով հարկ են գանձում ծխախոտի վաճառքից առաջացած գումարներից` սահմանելով բավականին բարձր հարկեր, և նպատակ ունենալով ավելացնել պետական եկամուտները:
Ա.Բազարչյանը նաև հայտնեց, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում ծխախոտի մեկ տուփի գինը համեմատաբար էժան է, սակայն էժան է, եթե համեմատում են եվրոպական երկրների հետ: Ըստ նրա՝ մեր երկրում ծխող տղամարդը օրական սպառում է միջինը 15-17 գլանակ, իսկ կանայք ավելի քիչ են ծխում: Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում տարեկան սպառվում է 5 մլրդ հատ ծխախոտ:
Ինչ վերաբերում է մյուս գործիքներին, դրանք ուղղված են ծխախոտի գովազդի արգելքին, առողջապահական հաստատություններում ծխողներին աջակցությանը, ինչպես նաև հասարակական վայրերում իրականացվում են ծխելու սահմանափակմանն ուղղված միջոցառումներ և այլն: Ա.Բազարչյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի առաջնային պահպանման բժիշկների համար դասընթացներ են կազմակերպվել, որոնց շրջանակներում ներկայացվել է, թե ինչպես խորհրդակցել այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են հրաժարվել ծխախոտի օգտագործումից:
Անդրադառնալով ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության ցուցանիշներին, Ա.Բազարչյանն ասաց, որ համաձայն ԱՀԿ-ի հաշվարկների` աշխարհում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: Հիմնականում ծխող մարդկանց շրջանում առաջին հերթին նկատվում են թոքի քաղցկեղ, սրտի հետ կապված հիվանդություններ: