Օպերային թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանը՝ դասական երաժշտության նահանջի և համագործակցության մասին
«Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, դասական երաժշտության բնագավառում նահանջ կա, բայց դասական երաժշտությունը միշտ եղել է ու կլինի, կունենա իր հանդիսատեսը: Բարձրագույն արվեստ գնահատող անպայման կլինի»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանը:
Նշենք, որ նա երեկ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար արժանացել է պետական պարգևի՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը:
Ըստ նրա, նահանջը պայմանավորված է կենսամակարդակի, զարգացվածության աստիճանի անկմամբ. «Դասական արվեստը բարդ ընկալելի է: Այսօր, ցավոք սրտի, մարդիկ ձգտում են հեշտին, հեշտ հիշվողին, ուրախացնողին, ուզում են լիցքաթափման պահն ավելի դյուրին անցկացնել»:
Միաժամանակ Բերջ Քարազյանը համոզված ու հավատացած է, որ բարձր արվեստ ներկայացնող արվեստագետն այս կամ այն կերպ մշտապես գնահատվում է, դուրս չի մնում ուշադրությունից:
Բերջ Քարազյանը պարբերաբար ելույթներ է ունենում աշխարհի տարբեր երկրների հայտնի բեմերում:
«Համեմատական անցկացնեմ՝ մեր երգիչները, երաժիշտները ոչ մի բանով չեն զիջում օտարազգի արվեստագետներին: Աշխարհում շատ են արվեստագետները, տարբեր երկրներ հրավիրում են տարբեր երգիչների, երաժիշտների միայն այն դեպքում, եթե մի փոքր ավելի կատարյալ բան են տեսնում, մի բանով առավել է լինելում տվյալ արվեստագետը, այլապես համագործակցություն այլ երկրների, երաժիշտների, նվագախմբերի հետ չի լինի»,-վստահ է Քարազյանը: