Սերժ Սարգսյանը Գնդեվազում ներկա է գտնվել «Էկոֆարմ» ընկերության բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը:
Անասնապահական այս համալիրը՝ նախատեսված խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար, հիմնադրվել է 2013թ. սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն ընկերությունում ավարտվել են 2014թ. դեկտեմբերին:
«Համալիրն ամբողջապես ավտոմատացված է, այդ թվում կերի հավաքման և կերակրման համակարգերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության ֆինանսական տնօրեն Նորայր Մովսիսյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին կենդանիների գլխաքանակը 330 է, սակայն համալիրը նախատեսված է 500 գլխաքանակի համար:
Անդրադառնալով համալիրի առանձնահատակություններին` տնօրենը նաև նշեց, որ կաթը ֆիլտրվում է հենց տեղում, չի ստերիլիզացվում, ինչի շնորհիվ կաթն ավելի որակյալ ու բարձր յուղայնությամբ է լինում:
Համալիրում գործում է նաև պանրի արտադրություն, պրեմիում տեսակի հայկական չանախ, սակայն հետագայում տեսականին կընդլայնվի: Համալիրի արտադրանքը դեռևս սպառվում է միայն ներքին շուկայում, նախատեսվում է առաջիկայում այն արտաքին շուկա հանել:
Տնօրենի խոսքով, նախատեսվում է անասնապահական համալիրն ընդլայնել, որը հիմք կհանդիսանա մսամթերքի արտադրման համար:Բոլոր անասուները ներկրված են դրսից, բեղմնավորումն իրականացվում է արհեստական ճանապարհով:
Նորաբաց համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և իր տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Համալիրն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատողներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. դրամ:
Համալիրը հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այս նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից պլանավորվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ:
Երկրի ղեկավարի՝ Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի մասին այլ լուրեր՝
Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Ջերմուկ Գրուպ»-ի նոր գործարանի կառուցման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ջերմուկում բացվեց «Հայաթ Փլեյս» հյուրանոցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները