ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության ավելի քան 94%-ն ուղղվել է մարզերի գործող սկսնակ փոքր և միջին ձեռնարկություններին
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով հունվար-մայիսին ֆինանսական աջակցություն է ստացել 58 գործող և սկսնակ ՓՄՁ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփելով 2015 թվականի հինգ ամիսների իրականացված աշխատանքները՝ ասաց ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ ՓՄՁ պետական աջակցության 2015թ. ծրագրի շրջանակներում պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 152,3 մլրդ դրամ: Ըստ նրա՝ բոլոր իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային կազմակերպությունները:
Գ.Պետրոսյանը հայտնեց, որ այս տարվա հինգ ամիսներին ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 2,500 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության բոլոր ուղղություններով տրամադրվել է շուրջ 4,300 աջակցություն:
«Աջակցության ավելի քան 94%-ն ուղղվել է մարզերի գործող և սկսնակ ՓՄՁ-ներին», -նշեց Գ.Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է վարկային երաշխավորություններին, ապա նշված ժամանակահատվածում վարկային երաշխավորություններից 55-ը տրամադրվել է սկսնակ (մեկ ՓՄՁ-ի հաշվով տրամադրված վարկային երաշխավորության միջին գումարը` 4.1 մլն ՀՀ դրամ), իսկ 3-ը՝ գործող ՓՄՁ-ների (մեկ ՓՄՁ-ի հաշվով տրամադրված վարկային երաշխավորության միջին գումարը` 23.4 մլն ՀՀ դրամ): Ընդհանուր առմամբ, մայիսի 27-ի դրությամբ տրամադրվել է 296.5 մլն դրամի երաշխավորություն: Միջազգային գործընկեր կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին վարկային երաշխավորությունների դրամագլուխը համալրվել է 38,000,000 ՀՀ դրամով՝ կազմելով 1,825,000,000 դրամ:
Նշվեց նաև, որ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» 6 ծրագրի շրջանակում իրականացված գործարարությամբ զբաղվելու դասընթացներին և խորհրդատվություններին մասնակցել է 224 սկսնակ գործարար: Արդյունքում, իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակներից պետական գրանցում են ստացել և իրենց գործունեությունն են սկսել 78-ը: Բացի այդ, 81 ՓՄՁ-ների համար կազմակերպվել է «Գործարար ծրագրի կազմում», «Հյուրասիրություն, մարքեթինգ և վաճառք օթևանատներում» և «Եկամտաբեր գործունեության խթանում» թեմաներով 3 մասնագիտական դասընթաց:
Գեղամ Պետրոսյանը հայտնեց, որ «Գյուղատնտեսության զարգացման նպատակով իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման և տրամադրման ծրագրի» շրջանակներում, որը ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առաջնայնություններից է, 2015թ.-ին ՓՄՁ ԶԱԿ-ը «Ռոստսելմաշ» ընկերությունից ներկրել է ռուսական արտադրության «Նիվա էֆֆեկտ» մակնիշի 8 կոմբայն, որից 2-ը կառավարության ֆինանսական աջակցությամբ տրամադրվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքներին: Ինչպես նաև ներկրվել է ևս 4 նոր բելառուսական МТЗ 82.1 մակնիշի տրակտոր, որոնցից 2-ը կառավարության աջակցությամբ տրամադրվելու է Արմավիրի մարզի Շահումյան և Դալարիկ գյուղերին:
Նշվեց նաև, որ տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում վերլուծվել են ՀՀ 10 գյուղական համայնքների մրցակցային առավելությունները և բացահայտվել են համայնքային տնտեսական զարգացման նախաձեռնություններ, որոնց իրագործմանն աջակցությունը իրականացվել է «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակներում: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ջրագծի 510 մ. երկարությամբ հատվածը:
Բացահայտված ենթակառուցվածքային նախաձեռնություններից կազմվել և հաստատվել է 1 ծրագիր՝ Արտենի համայնքում ոռոգման ջրագծի վերանորոգման ուղղությամբ:
IԻնչ վերաբերում է ջերմատներին, 20 ՓՄՁ-ների ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով տրամադրվել է աջակցություն տեխնոլոգիական դասընթացների և անհատական խորհրդատվությունների միջոցով: 2 սկսնակ ՓՄՁ-ների ջերմոցների հիմնման նպատակով նյութերի ձևով տրամադրվել են շուրջ 1,100,000 դրամին համարժեք դրամաշնորհներ:
Գ.Պետրոսյանը հայտնեց, որ այս տարի շարունակվում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: Շարունակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի իրականացումը, «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագիրը, «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ՓՄՁ ԶԱԿ -ի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ փախստականների աջակցության ծրագիրը, Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում «Կանանց ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը, ինչպես նաև մի շարք այլ ծրագրեր տեղական և միջազգային գործընկերների հետ»:
«2015 թվականի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ -ի իրականացրած պետական աջակցության ծրագրերը շարունակաբար կընդլայնվեն և կհամալրվեն աջակցության նոր գործիքներով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախանշած տնտեսական զարգացման առաջնահերթությունները»,- ասաց Գ.Պետրոսյանը: