Իրանի ԱԳ փոխնախարար. Որքան մոտենում ենք բանակցությունների ավարտին, խնդիրներն ավելի են բարդանում
«Որքան մոտենում ենք բանակցությունների ավարտին, խնդիրներն ավելի են բարդանում»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը, ամփոփելով Վիեննայում միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած եռօրյա բանակցությունների արդյունքները,-մասնավորապես նշել է. «Որքան մոտենում ենք բանակցությունների ավարտին, առկա խնդիրներն ավելի են բարդանում և խճճվում, միևնույն ժամանակ, բանակցությունների վրա ճնշումն է ավելանում»:
Փոխարտգործնախարար Արաղչին, վկայակոչելով ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը, նշել է, որ Իրանը երբեք չի համաձայնվի, որպեսզի Իրանի ռազմական հաստատություններում ստուգումներ իրականացվեն և միջուկային ոլորտում աշխատող իրանցի գիտնականների հետ օտարերկրացիները հարցազրույցներ ունենան:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին և դրանց ժամկետների երկարաձգման հավանականությանը, մասնավորապես նշել է. «Եթե հակառակ կողմը հավատարիմ մնա Լոզանում արված հայտարարությանը և ջանքեր գործադրի, որպեզի համաձայնագրի վերջնական տեքստը մշակվի փոխադարձ հարգանքի հիման վրա, ապա այդ դեպքում կարող ենք փաստել, որ մինչև հունիս կհասնենք վերջնական համաձայնության»:
Ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները հնարավոր է շարունակվեն նաև հունիսից հետո: