«Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» երթի մեկնարկը կտրվի ՀՀ-ում
Հունիսի 1-7-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության ՅՈՒՆԻՄԱ-ի ազգային կենտրոնները ներկայացնող գործիչները, ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ կհավաքվեն Հայաստանում՝ ազդարարելու «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը՝ նվիրված Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի Կազմակերպության /ՅՈՒՆԵՍԿՕ/ հիմնադրման 70-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Երթի նպատակն է առաջ մղել և տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՄԱ-ի որդեգրած գաղափարներն ու արժեքները՝ ձայն բարձրացնելով հանուն կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման, հանուն խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, խտրականության և բռնության բոլոր ձևերի և միջոցների մերժման ու դատապարտման, ընդդեմ պատերազմների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների:
Համաշխարհային երթի մեկնարկը տալով Հայաստանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ՅՈՒՆԻՄԱ-ի 95 ազգային կենտրոններին կոչ է արվելու իրենց երկրներում միանալ համաշխարհային երթին՝ անցկացնելով թատերականացված երթեր, տիկնիկային թատրոնների փառատոներ, տոնախմբություններ և այլ միջոցառումներ՝ դրանցում շեշտադրելով խաղաղության, բարեկամության, հանդուրժողականության և մշակույթների երկխոսության գաղափարները: Երթի մեկնարկը հանդիսավոր արարողությամբ կտրվի Երևանում, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տեղի կունենան մեկշաբաթյա միջոցառումներ, տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, իսկ հունիսի 3-ին` հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով Երևանի կենտրոնում կտնկվի «Խաղաղության ծառը»:
Երթը կավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը և ՀՀ անկախության օրը, Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի առջև տեղի ունենալիք մեծ տոնախմբությամբ և հանդիսավոր միջոցառումներով, որոնց կմասնակցի նաև խաղաղության երթի նախաձեռնող ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը:
Համաշխարհային երթի մեկնարկի մասնակիցները կողջունեն ՅՈՒՆԻՄԱ-ի մայր կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյա վաստակը` խաղաղության համար պայքարում: Նրանք նաև հարգանքի տուրք կմատուցեն 100 տարի առաջ նահատակված, որբացած և հայրենազրկված հայ մանուկների, ինչպես նաև այն երեխաների հիշատակին, ովքեր մեր ժամանակներում` Մերձավոր Արևելքում և այլուր, զոհ են դառնում ծայրահեղականության, անհանդուրժողականության, կրոնական մոլեռանդության նորահայտ դրսևորումներին և ցեղասպանական ոճրագործություններին:
Համաշխարհային երթի հայաստանյան մեկնարկը, որն ընդգրկված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ցանկում, կանցկացվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Երևան կժամանեն ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, տիկնիկային թատերական արվեստի հանրահայայտ գործիչներ և տիկնիկային թատրոններ` աշխարհի տարբեր երկրներից: