ԵՏՄ անդամ երկրները կենսաթոշակային համաձայնագրի նոր նախագիծ են քննարկում. Նախարար
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկվում է կենսաթոշակային նոր համաձայնագրի նախագիծ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի կենսաթոշակային համակարգում որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ:
Նախարարն ասաց, որ դեռևս 1992 թվականից ԱՊՀ երկրների շրջանակներում գործում է երկու համաձայնագիր, որոնցից մեկը վերաբերում է զինվորականներին, իսկ մյուսը` քաղաքացիներին: Ասատրյանի ներկայացմամբ, ԵՏՄ անդամ դառնալուց հետո զինվորականներին ո ւնրանց հավասարեցված անձանց վերաբերող համաձայնագրում փոփոխություն չի կատարվի:
«Քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված համաձայնագրի մասով նախատեսվում է, որ յուրքանաչյուր երկիր պիտի ապահովի իր մոտ աշխատած ժամանակահատվածի համար վճարումները: Այսինքն ընդհանրապես քաղաքացիների տեղաշարժի դյուրացման տեսանկյունից ելնելով, անկախ նրանից, թե քաղաքացին որ երկրում է ապրում այդ պահին և որ երկրի քաղաքացի է, սոցիալական երաշխիքները պետք է իրացվեն»,- հայտարարեց Ասատրյանը` ընդգծելով, որ նախագծի շուրջ չորս երկրների մասնագետները հանդիպումներ, քննարկումներ են ունենում: