Հայաստանի գլխավոր թատրոն. Համերգին կթերթվեն ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 30-ին, ժամը` 19:00-ին տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, համերգային երեկոյի ընթացքում թատրոնի արտիստները կներկայացնեն խաղացանկային ներկայացումներից հատվածներ, կթերթվեն թատրոնի անցած ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը: Բացի այդ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն կլինի օպերային թատրոնում տեղի ունենալիք համերգը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ստեղծագործական անձնակազմն իր բարձր կատարողական արվեստը բազմիցս ներկայացրել է Հայաստանի սահմաններից դուրս՝ միջազգային ասպարեզում՝ հանրահռչակելով հայ դասական կոմպոզիտորական և կատարողական արվեստի նվաճումները: Վերջին տարիներին ծավալել է նաև հանրապետության մարզերի բնակչությանը դասական արվեստին հաղորդակցելու գործունեություն:
«Ներկայումս Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն ապրում է իր զարգացման շրջանը: Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Հայաստանի օպերային և բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերը: Ասվածի վառ ապացույցն է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի փայլուն ներկայացումը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, որի մասին ճանաչված բալետային քննադատները բացառապես հիացմունքի խոսքեր հայտնեցին:
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային և բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու համար»,-ասված է բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա