Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Ջերմուկ Գրուպ»-ի նոր գործարանի կառուցման աշխատանքներին (լուսանկարներ)
Ջերմուկ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և ընկերության զարգացման ծրագրերին:
Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում Միության անդամ երկրներում և հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությունում: Գործարանի արտադրական հզորությունը, սակայն, բավարար չէ ամբողջությամբ ապահովելու արտահանման պահանջարկը: Խնդրի լուծման նպատակով ընկերությունը որոշում է կայացրել կառուցելնոր գործարան և գնելժամանակակից շշալցման և փաթեթավորման հոսքագծեր:
Նախագահին ներկայացրել են, որ նոր հոսքագծերը հնարավորություն են տալու գործնականում ամբողջությամբ ավտոմատացնելու արտադրական գործընթացները և զգալիորեն մեծացնելու արտադրական ծավալները:
«Ջերմուկ գրուպ»-ի արտադրանքը շատ մեծ պահանջարկ է վայելում արտերկրում, և մեր ներկայիս գործարանը ի վիճակի չէ այդ պահանջարկն ամբողջությամբ բավարարել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ջերմուկ Գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Արշավիր Մինասարյանը` տեղեկացնելով, որ Ջերմուկում կկառուցվի նոր գործարան:
Ջերմուկում գտնվող Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ գործարանի կառուցման ծրագիրը մեկնարկել է այս տարվա ապրիլին, նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ի առաջին եռամսյակում:
Ընկերության գործադիր տնօրենի խոսքով, արտադրողականությունն առնվազն կրկնապատկվելու է, կբացվեն նոր աշխատատեղեր. «Քանի որ ընկերությունը համալրվելու է ամբողջությամբ նոր հոսքագծերով, որոնք ամբողջությամբ աշխատելու են ավտոմատացված, մարդկային գործոնը հասցվելու է մինիմալի, այդ պատճառով առավել բարձր մասնագիտական հմտություններ ունեցող մասնագետների պահանջարկն է մեծանալու»:
Անդրադառնալով արտահանման ծավալներին` նա նշեց, որ ընկերության արտադրանքն արտահանվում է առավել քան 30 երկիր, նոր գործարանի կառուցումից հետո արտահանման աշխարհագրությունը կմեծանա:
Նախորդող`
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ջերմուկում բացվեց «Հայաթ Փլեյս» հյուրանոցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները