ՄԱԿ Անվտանգության Խորհրդում ԱՄՆ դեսպանը քննադատել է Ադրբեջանին
Մայիսի 27-ին ՄԱԿ Անվտանգության Խորհրդում կայացել է «Լրագրողների պաշտպանությունը հակամարտությունների իրավիճակում» թեմայով բաց քննարկում, որտեղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը խիստ քննադատության է ենթարկել լրագրողների նկատմամբ բռնությունների քաղաքականություն իրականացնող երկրներ Սիրիային, Բուրունդիին, Եթովպիային եւ Ադրբեջանին:
My remarks today on how/why the intnl community must protect journalists around the globe: http://t.co/OJAXNse5hg
— Samantha Power (@AmbassadorPower) May 27, 2015
«Հայոց ցեղասպանությունից մինչեւ Կոսովոյում եւ Դարֆուրում իրականացվող էթնիկ զտումների» մասին պատմող «Խնդիրը դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարը» գրքի համար Պուլիտցերի հեղինակավոր գրական մրցանակին արժանացած Սամանթա Փաուերը, ով այժմ ԱՄՆ մշտական ներկայացուցիչն է ՄԱԿ-ում, Անվտանգության Խորհրդում ունեցած իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Ազատություն ռ/կ ադրբեջանական ծառայության աշխատակից Խատիջա Իսմայիլովան շարունակում է բանտրակված մնալ քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքների հիման վրա: Իսմայիլովան հայտնի է [Ադրբեջանում] կոռուպցիայի վերաբերյալ իր հրապարակումներով»:
«2014թ դեկտեմբերին մի մարդու ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալելուց հետո, իշխանությունները ներխուժեցին Ազատություն ռ/կ Բաքվի գրասենյակ, հարցաքննության ենթարկեցին աշխատակիցներին, բռնագրավեցին լրագրողների աշխատատետրերը եւ կողպեցին գրասենյակը: Իր դատալսմանը սպասող Իսմայիլովայի նկատմամբ նոր մեղադրանքներ են առաջադրվել, ներառյալ յուրացումների, անօրինական ձեռնարկատիրության եւ իշխանության չարաշահման դրվագներով: Կարեւոր է ընդգծել, որ ամբողջ աշխարհում ամեն մի անհատի կամ խմբի նկատմամբ իրականացվող հետապնդումների, հարձակումների կամ սպառնալիքների հետեւանքով անհամար ավելի մեծ թվով մարդիկ են տուժվում, այն մարդիկ, ովքեր տեսնելով ռիսկերը, կամ սկսում են ինքնագրաքննվել, կամ թաքնվել, կամ էլ լքել իրենց հայրենիքը, որը իրականում ազատ խոսքի մեծ կարիք ունի»: